Հունվարի 16-ին Ադրբեջանի միգրացիայի պետական ծառայության պետը հայտնել է, որ 2016 թ. ընթացքում ադրբեջանական իրավապահ մարմինները տեղեկություններ են փոխանցել արտասահմանում ահաբեկչական կառույցների անդամակցող Ադրբեջանի 58 քաղաքացիների մասին: Այս մասին հայտնում է ծառայության կայքը:
Իրավապահ մարմիններից ստացված տեղեկության հիման վրա Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը դիմել է դատարան՝ նշված անձանց քաղաքացիությունից զրկելու պահանջով: Բոլոր հայցերը բավարարվել են, այլ մանրամասներ չեն նշվում:
Razm.info-ի հետ զրույցում արաբագետ Սարգիս Գրիգորյանը մասնավորապես հայտնեց, որ թեև Մերձավոր Արևելքում ահաբեկչական կառույցներին Ադրբեջանի քաղաքացիների ներգրավվածության մասին տեղեկությունները բավականին սակավ են, սակայն անգամ սպանված ահաբեկիչների մասին տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ իրականում Ադրբեջանից շատ ավելի մեծ թվով մարդ է ներգրավված տարբեր ահաբեկչական կառույցների կազմում:
«Իրական թիվը շատ քիչ է ներկայացված, 58-ը շատ քիչ է, եթե նայենք ընդհանուր դինամիկան: Իսկ այդ դինամիկան հատկապես ակնառու դարձավ 2014 թ. սկզբից, երբ ադրբեջանցի իսլամիստների մասին սկսեցինք տեղեկություններ ստանալ Մերձավոր Արևելքից: … Իսկ այդ ժամանակ 100-150 ադրբեջանցիների մասին էր խոսվում, այն էլ՝ սպանված: Այսինքն, տվյալները ե՞րբ են ի հայտ գալիս, երբ սպանվածի դին հետազոտում են ու ինչ-որ փաստաթղթեր են գտնում»:
Ադրբեջանի քաղաքացիները մասնավորապես ներգրավված են Մերձավոր Արևելքում ահաբեկչական գործունեություն ծավալող «Իսլամական պետություն», «Ալ Նուսրայի Ճակատ» և այլ խմբավորումների կազմում: Անդրադառնալով այս հարցին՝ արաբագետը մասնավորապես նշեց.
«2013 թ., երբ այս կառույցների տարանջատումները դեռևս չկային, նրանք հիմնականում ներգրավվում էին կովկասցիներով համալրված խմբավորումներում: …. Բայց հետագայում, երբ որ «Իսլամական պետությունը» հայտարարեց իր մասին, դա դարձավ ավելի «մոդայիկ», և ադրբեջանցիները հիմնականում ներգրավված էին «Իսլամական պետության» շարքերում: Հիմա էլ «Իսլամական պետության» շարքերում մեծ թվով ադրբեջանցիներ կան»:
Սարգիս Գրիգորյանը նշեց, որ բացի ԻՊ-ից, ադրբեջանցիներ կան նաև «թուրքոմաններով համալրված» խմբավորումների, «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Ահրար աշ-Շամ» և այլ խմբավորումների կազմում: Արաբագետն ավելացրեց, որ նշված խմբավորումները հիմնականում տեղակայված եմ Սիրիայի հյուսիսային շրջաններում՝ Թուրքիայի սահմանի մոտ: Թուրքիայից նրանք կարողանում են օգնություն, զինամթերք ստանալ, անարգել անցնել սահմանը, վնասվածքի դեպքում գնալ Թուրքիա բուժվելու:
Արաբագետը նշեց, որ ներկայում ևս ադրբեջանցիներն անդամակցում են ոչ միայն ԻՊ-ին, այլև «Ահրար ալ-Շամ» խմբավորմանը: Ըստ Գրիգորյանի՝ վերջինը Սիրիայում ամենախոշոր ահաբեկչական կառույցներից է, ու ֆինանսավորվում է Թուրքիայի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների, մասնավորապես՝ Կատարի կողմից:
«… Հիմա Ահրար ալ-Շամին փորձում են տեսնել բանակցային սեղանի շուրջ: Ըստ էության Ահրար ալ-Շամը կարծես դուրս է եկել ահաբեկչական պիտակավորմամբ խմբավորումների շարքից: Ակնհայտ է, որ դա իրոք իսլամական ծայրահեղ կառույց է, ու նույնիսկ եթե դուրս է գալիս այդ բնորոշումից, չի դադարում լինել ահաբեկչական: Եվ շատ հնարավոր է, որ նման կառույցների մեջ ներգրավված ադրբեջանցիները չեն ներառվել այդ ընդհանուր վիճակագրությունում»:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ ահաբեկչական կառույցներին անդամակցող շատ ադրբեջանցիների վերրադառնում են իրենց երկիր:
««Իսլամական պետությունը» թույլ է տալիս իր շարքերը լքել միայն ծույլերին, նրանց, ովքեր ոչ մի բանով աչքի չեն ընկել ջիհադական պայքարում: Բայց այդ ծույլերն էլ փորձով են հետ գնում, և նույնպես վտանգ են ներկայացնում»:
Սարգիս Գրիգորյանն ավելացրեց, որ կան նաև շատ ադրբեջանցիներ, որոնք, ընդհակառակը, աչքի են ընկել ահաբեկչական կառույցների կազմում ու նույնիսկ որոշակի զինյալ խմբեր են ղեկավարում:
Ավելացնենք, որ 2016-ի ապրիլին ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (CTC) հրապարակել էր 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացրած 4600 հոգու վերաբերյալ զեկույց, որից 122-ը Ադրբեջանից են։ Սակայն Ադրբեջանի ԻՊ-ին անդամագրվածների ընդհանուր թիվը իրականում շատ ավելի մեծ է:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիայում Ադրբեջանի՝ ԻՊ անդամ քաղաքացիների են ձերբակալում: Մասնավորապես 2015-ի նոյեմբերին Թուրքիայում ձերբակալվել էին Ադրբեջանի 14 քաղաքացի, ովքեր փորձում էին հատել թուրք-սիրիական սահմանը և միանալ «Իսլամական պետությանը»։ Նույն մեղադրանքով Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացիների այլ ձերբակալություններ նույնպես եղել են:
Pingback: Ադրբեջանում հայտնում են 4 ահաբեկչի սպանելու մասին | Ռազմ.info