Թուրքիայի ժանդարմերիայի ստորաբաժանումները երկրի արևելյան Աղրը (Արարատ) և Թոնդրակ լեռների շրջանում (ՀՀ սահմանամերձ Աղրը և Իգդիր նահանգներ), ռազմական գործողություններ են իրականացնում«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Ժանդարմերիայի ցամաքային գործողություններից զատ, PKK-ի դիրքերին հարվածում է նաև Թուրքիայի օդուժը: Համաձայն աղբյուրի՝ գործողությունների արդյունքում ոչնչացվել է քրդական կառույցի 15 թաքստոց:
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Արարատ և Թոնդրակ լեռների շրջանները 1 տարի ժամկետով՝ 2017-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը հայտարարվել են որպես ժամանակավոր «ռազմական անվտանգության գոտիներ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության հրամանատարությունների և ծովային հետևակի «ամֆիբիա» ստորաբաժանումների զինծառայողները ևս ներգրավվել են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում PKK-ի դեմ գործողություններին:
Հիշեցնենք, որ թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: