Ամերիկյան «Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը» (ԱՊԿ — CTC), հրապարակել է զեկույց 2013-14թթ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամագրված 4,600 հոգու վերաբերյալ, որից 122-ը Ադրբեջանից են։
Ամերիկյան NBC հեռուստաալիքը փոխանցել էր ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ԱՊԿ-ին ԻՊ անդամագրվելու համար լրացված ավելի քան 11 հազար փաստաթուղթ, որոնք հեռուստաալիքը ստացել էր ԻՊ նախկին անդամներից մեկից:
23 հարցանի հարցաթերթիկների շնորհիվ հնարավոր է եղել կազմել զինյալների քաղաքացիության, բնակության վերջին վայրի, տարիքային խմբի և կրթության աստիճանակարգերը։
Համաձայն ամերիկյան կենտրոնի՝ «Խալիֆայության ընդհանուր աշխատուժը» վերնագրով զեկույցի՝ 70-ից ավելի երկրների շարքում Ադրբեջանը 10-րդն է անդամագրվածների թվով. 107 անձ եղել են Ադրբեջանի քաղաքացի (11,22%): Բացի այդ 122 հոգի (12,79%) իրենց բնակության վերջին վայրը («ռեզիդենտությունը») նշել են Ադրբեջանը: Հավելենք, որ միևնույն մարդը կարող է լինել. 1) և՛ քաղաքացի, և՛ ռեզիդենտ; 2) ռեզիդենտ, բայց ոչ քաղաքացի; 3) քաղաքացի, որը այլ երկրի ռեզիդենտ է։
Մեծ թվով ահաբեկիչներ են եղել Սաուդյան Արաբիայից (797), Թունիսից (640) և Մարոկկոյից (260)։ Ցուցակում 4-րդը Թուրքիան է (244 ռեզիդենտ, 212 քաղաքացի)։ Գրոհայիններից 443-ը եղել են մահապարտ, որոնցից 5-ը՝ Ադրբեջանից։
Փաստաթղթերի մի մասում, սակայն, բացակայել է քաղաքացիության հարցի պատասխանը, ինչը տեսականորեն կարող է մեծացնել այս երկրներից խմբավորմանը միացած ահաբեկիչների թվաքանակը։
Հարկ է նշել, որ սույն զեկույցին ադրբեջանական կողմը պաշտոնապես չի արձագանքել: Ադրբեջանում զեկույցին անդրադարձել են ընդամենը մի քանի կայքեր (օր.՝ Musavat.com) որոնք, սակայն, սահմանափակվել են միայն տվյալների փոխանցմամբ:
Ահաբեկիչների մեծ մասը (93%) միացել է ԻՊ-ին հատելով թուրք-սիրիական սահմանը։ Զեկույցում նշվել են այն վեց կետերը, որտեղից ահաբեկիչներին տեղափոխել են Սիրիա։
Թուրքիայի տարածքով ահաբեկիչները ներթափանցում են նաև Եվրոպա: Թուրքիայի ղեկավարները բազմիցս (1 , 2) հայտարարել են, որ ֆիզիկապես չեն կարող վերահսկել թուրք-սիրիական սահմանի հսկայական հատվածն ամբողջությամբ: Այս հանգամանքն օգտագործվել է իբրև պատրվակ` այդ կառույցի հետ համագործակցությունը քողարկելու համար:
Հոդվածի հեղինակ՝ Սաթենիկ Պետրոսյան
Pingback: Թուրքիայում ԻՊ անդամ Ադրբեջանի քաղաքացի/ներ են ձերբակալել | Ռազմ.info
Pingback: Ահաբեկչական կառույցների անդամակցելու համար Ադրբեջանը 58 անձի զրկել է քաղաքացիությունից | Ռազմ.info