Փետրվարի 24-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը չեղարկել է տեղական «Թյումոսան» (Tümosan) ընկերության հետ «Ալթայ» տանկերի համար շարժիչների արտադրության նախագծի պայմանագիրը: Այս մասին մարտի 2-ին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը:
Ըստ հանդեսի՝ դրա հիմնական պատճառն այն է, որ ընկերությունը ձախողել է տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը արտասահմանյան ընկերությունների հետ:
Այս պայմանագրի չեղարկման հետևանքով կտրուկ 10 տոկոսով նվազել է թուրքական ընկերության բաժնետոմսերի գինը Ստամբուլի բորսայում:
Ավելի վաղ՝ հունվարին, Tümosan ընկերությունը դադարեցրել է «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը ավստրիական AVL List ընկերության հետ։ Սրա պատճառն այն էր, որ Ավստրիայի կառավարությունը որոշակի սահմանափակումներ էր դրել տանկերի արտահանման հարցում՝ ինչի պատճառով համաձայնագրի իրականացումը ձգձգվել էր:
Հիշեցնենք, որ Թյումոսան» մասնավոր ընկերությունը 2015-ի մարտին, թուրքական կառավարության հետ 190 մլն եվրոյի (206,35 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր էր կնքել թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների նախագծման, նախատիպային արտադրության, փորձարկման համար և հայտարարել էր, որ ծրագիրը տևելու է 54 ամիս (ավարտվելու է 2019-ի աշնանը)։ Ծրագրի առաջին տարում նախատեսվում է արտադրել 30 տանկի շարժիչատրանսմիսիոն հանգույց:
2015 թ. հոկտեմբերին ընկերությունը տանկերի շարժիչների նախագծման հարցում համագործակցելու վերաբերյալ համաձայնագիր էր ստորագրել AVL List ընկերության հետ։ Հոկտեմբերի 22-ին «Թյումոսան» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք թուրքական արտադրության «Ալթայ» տանկի համար 2016-ից նախագծելու են դիզելային շարժիչ, որի արտադրությունը կսկսվի 2020-ին
Մինչև 2014 թ. տանկերի շարժիչների արտադրությունը «Թյումոսանին» տրամադրելը նախատեսվում էր տանկի համար գնել արտասահմանյան արտադրության շարժիչներ: Մասնավորապես քննարկվում էր գերմանական MTU ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը։ Տեղեկություններ կային նաև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչ արտադրելու մասին, սակայն թուրքական կողմը չի կարողացել վերջնական համաձայնության հասնել կողմերից ոչ մեկի հետ:
Ավելացնենք, որ թուրքական «Ալթայ» հիմնական մարտական տանկը հարավկորեական K2 Black Panther տանկի պատճենն է: