Թուրքիայի շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» մասնավոր ընկերությունն ավստրիական AVL List ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել թուրքական արտադրության տանկերի շարժիչների նախագծման հարցում համագործակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News պարբերականը:
«Թյումոսանի» գնումների հարցերով պատասխանատուները հայտարարել են, որ իրենք չեն խուսափում համագործակցել օտարերկրյա ընկերությունների հետ, և «Թյումոսանը» ևս, ինչպես այլ ընկերություններ, ազատ է ընդունել տեխնիկական աջակցություն՝ միայն ինտելեկտուալ սեփականության հարգման ու արտոնագրերի շրջանակներում։
Նշենք, որ այս տարվա մարտին «Թյումոսանը» թուրքական կառավարության հետ 190 մլն եվրոյի (206.35 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր է կնքել՝ թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների նախագծման, նախատիպային արտադրության, փորձարկման համար և հայտարարել, որ ծրագիրը տևելու է 54 ամիս (ավարտվելու է 2019-ի աշնանը)։ Ծրագրի առաջին տարում նախատեսվում է արտադրել 30 տանկի շարժիչատրանսմիսիոն հանգույց, իսկ հաջորդ տարիներին այդ թիվը կմեծանա։
Հիշեցնենք, որ «Ալթայ» տանկի շարժիչների արտադրության համար հայտարարված մրցույթում դեռևս 2014-ի օգոստոսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հաղթող էր ճանաչել թուրքական «Թյումոսան» ընկերությանը։
Ավելի վաղ նախատեսվում էր տանկի համար գնել արտասահմանյան արտադրության շարժիչներ, շրջանառվում էր գերմանական MTU ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը։ Հետագայում քննարկվում էր նաև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը, սակայն թուրքական կողմը պայմանագիր չի ստորագրել նրանցից ոչ մեկի հետ՝ չկարողանալով վերջնական համաձայնության հասնել:
Ավելացնենք, որ թուրքական Ալթայ (Altay) հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական «Օթոքար» ընկերությունը՝ Թուրքիայի զինված ուժերի պատվերով։ Այն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունով, որը քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից է եղել։
Առաջին թուրքական տանկի հիմքը հարավկորեական K2 Black Panther տանկն է՝ իր տեխնոլոգիաներով ու լուծումներով։
Pingback: Թուրքական «Ալթայ» տանկերի դիզելային շարժիչների արտադրությունը կսկսվի 2020-ին | Ռազմ.info
Pingback: Թուրքական ընկերությունն առաջարկել է ԶՈւ համար 250 միավոր «Ալթայ» տանկ արտադրել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի «Ալթայ» տանկի շարժիչների խնդիրը շարունակվում չլուծված մնալ | Ռազմ.info