Թուրքիայի՝ շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» (Tümosan) ընկերությունը դադարեցրել է տեղական արտադրության «Ալթայ» տանկերի շարժիչների արտադրության նախագծի շուրջ համագործակցությունը ավստրիական AVL List ընկերության հետ։
Այս մասին հունվարի 17-ին հայտնել է թուրքական «Միլլիյեթ» պարբերականի կայքը:
Նշվում է, որ Ավստրիայի կառավարությունը որոշակի սահմանափակումներ է դրել տանկերի արտահանման հարցում՝ ինչի պատճառով համաձայնագրի իրականացումը ձգձգվել է: Ավստրիական ընկերությունը չի կատարել իր պարտականությունները, այդ պատճառով էլ թուրքական կողմը դադարեցրել է համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Թյումոսան» մասնավոր ընկերությունը 2015-ի մարտին, թուրքական կառավարության հետ 190 մլն եվրոյի (206.35 միլիոն ԱՄՆ դոլար) պայմանագիր էր կնքել՝ թուրքական «Ալթայ» տանկերի շարժիչների նախագծման, նախատիպային արտադրության, փորձարկման համար և հայտարարել, որ ծրագիրը տևելու է 54 ամիս (ավարտվելու է 2019-ի աշնանը)։ Ծրագրի առաջին տարում նախատեսվում է արտադրել 30 տանկի շարժիչատրանսմիսիոն հանգույց:
2015 թ. հոկտեմբերին ընկերությունը տանկերի շարժիչների նախագծման հարցում համագործակցելու վերաբերյալ վերջերս համաձայնագիր էր ստորագրել ավստրիական AVL List ընկերության հետ։ Հոկտեմբերի 22-ին «Թյումոսան» ընկերության ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք թուրքական արտադրության «Ալթայ» տանկի համար 2016-ից նախագծելու են դիզելային շարժիչ, որի արտադրությունը կսկսվի 2020-ին
Մինչև 2014 թ. տանկերի շարժիչների արտադրությունը «Թյումոսանին» տրամադրելը նախատեսվում էր տանկի համար գնել արտասահմանյան արտադրության շարժիչներ: Մասնավորապես քննարկվում էր գերմանական MTU ընկերության հետ համատեղ շարժիչ արտադրելու տարբերակը։ Տեղեկություններ կային նաև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչ արտադրելու մասին, սակայն թուրքական կողմը չչի կարողացել վերջնական համաձայնության հասնել կողմերից ոչ մեկի հետ:
Ավելացնենք, որ թուրքական «Ալթայ» հիմնական մարտական տանկը հարավկորեական K2 Black Panther տանկի պատճենն է: