Շվեդիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը

Եվրոպայում և Շվեդիայի մոտակայքում անվտանգության խնդիրներով պայմանավորված Շվեդիայում կամավոր զինծառայություն անցնողների թիվը չի ապահովում երկրի զինված ուժերի անձնակազմի թվաքանակը, այդ պատճառով  անհրաժեշտություն կա վերականգնելու պարտադիր զինվորական ծառայությունը: Այս մասին մարտի 2-ին հայտնում է Շվեդիայի կառավարության կայքը:

2016-ին Շվեդիայի զինված ուժերը ունեցել են 1000 զինծառայողի և մատրոսի, ջոկատի հրամանատարի և 7000 պահեստազորայինի պակաս: 2018-ին և 2019-ին կզորակոչվի 4000 հոգի:

2020-ին զորակոչվածների թիվը կհասնի 5000-ի, 2021-ին` 6000-ի, իսկ 2022-2025 թվականներին նախատեսվում է թիվը հասցնել 8000-ի: Պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնվելու է նաև կանանց համար: Լինելու է պարտադիր և կամավոր սկզբունքով:

Տեղի Thelogal.se լրատվակայքըը փոխանցում է, որ զորակոչին ներգրավվելու է 1999-ին և 2000-ին ծնված 13 հազար մարդ: 4000 հոգին ընտրվելու է ֆիզիկական և հոգեբանական չափորոշիչներով:

Նշենք, որ Շվեդիայում պարտադիր զինվորական ծառայությունը հանվել էր 2010-ին: Կարծիք կա, որ զորակոչի վերականգնումը կապված է Բալթիկ ծովում Ռուսաստանի ակտիվությամբ:

Ուկրաինական դեպքերի համատեքստում որոշակի լարվածություն է առաջ եկել մերձբալթյան հատվածում: Շվեդիան դեռևս չի անդամակցում ՆԱՏՕ-ին, սակայն համագործակցում է անդամ երկրների հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում և ակտիվ մասնակցում է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի անցկացրած զորավարժություններին:

Նշենք, որ 2016թ. հունիսին պարտադիր զինծառայության զորակոչը վերականգնել է նաև Լիտվան: Իսկ Վրաստանը զորակոչը վերականգնել է նախորդ ամռանը կարճատև չեղարկումից հետո: Վրաստանի նախկին պաշտպանության նախարարն իր պաշտոնավարման վերջին օրերին չեղարկել էր զորակոչը, սակայն ներկա նախարարը նշանակվելուց անմիջապես հետո վերականգնեց այն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *