Նախիջևանում ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող • Ռազմինֆոն ամփոփել է Ադրբեջանի զինուժի օգոստոսի կորուստները • Վրաստանում մեկնարկել է միջազգային զորավարժություն • Վրաստանում գազատարի պայթեցման ֆինանսավորումը հնարավոր է Թուրքիայից էր • Հրապարակվել է Վրաստանի արտադրության զրահամեքենայի ոչնչացման տեսանյութ • Թուրքիայի զինուժը տեխնիկա է մոտեցնում Սիրիայի սահմանին • Թուրքիայի զինուժը շարունակում է կռվել քրդերի դեմ • Թուրքիայում պաշտոնից ազատվել է ՆԳ նախարարը • Իրանի Ս-300-ները կպաշտպանեն միջուկային օբյեկտ • Իրանը զարգացնում է սեփական «Բավար-373» ԶՀՀ-ն • Իրանում տագնապ է հայտարարվել ամերիկյան ԱԹՍ-ի պատճառով • Ռուսաստանում հանկարծակի ստուգումով մեկնարկել են ԶՈւ զորավարժություններ • «Կալաշնիկովը» զրահապատ ռոբոտ է նախագծել • Սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը • ՌԴ մասնավոր զինվորական կազմակերպությունները կարող են ներգրավվել Հալեպի կռիվներին • Թուրքիայի ԶՈւ սպաները Սիրիայում նշանակվում են խմբավորումների պարագլուխ • Օգոստոսին ԻՊ ահաբեկչություններից Իրաքում զոհվել է 700 մարդ • Ուկրաինայում նախագծվել են ԱԹՍ և զրահապատ ռոբոտ
Ադրբեջան / Վրաստան
• Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ նա սպանվել է «թշնամու կրակոցից», սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին այդ լուրը, իսկ զինծառայողների բարեկամներից մեկը հայտնել է, որ նա ինքնասպան է եղել։
• Razm.info-ն 2016թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 9 դեպք:
• Սեպտեմբերի 1-ին, Վրաստանի «Օրփոլո» զորավարժարանում մեկնարկել է Agile Spirit 2016 զորավարժությունը, որին Վրաստանի զինծառայողների հետ մասնակցելու են նաև Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Լատվիայի զինված ուժերի և ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներ:
• Օգոստոսի 29-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը մանրամասներ է հրապարակել Ռուսաստան – Հայաստան գազատարի պայթեցումից, համաձայն որի՝ դիվերսանտները Թուրքիայից գումար էին սպասում:
• Օգոստոսի 25-ին հրապարակված տեսանյութում երևում են Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի ԶՈւ վրացական Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենայի ոչնչացման կադրերը, որոնք վրացական փորձագիտական շրջանակներում մեծ արձագանք են առաջացրել:
Թուրքիա
• Օգոստոսի 30-ի երեկոյան, Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Սիրիայի Ջերաբլուս քաղաքի արևմուտքում «ահաբեկիչների կրակից Թուրքիայի ԶՈւ 1 տանկի խոցման» մասին՝ նշելով, որ թուրքական զինուժը երեք վիրավոր ունի:
• Օգոստոսի լույս 31-ի գիշերը Թուրքիայի ԶՈւ Դիրարբեքիրի 7-րդ բանակային կորպուսից Շանլըուրֆա զինվորականներ և ռազմական տեխնիկա են ուղարկել, որոնք տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին՝ Ջերաբլուսի շրջանի դիմաց:
• Օգոստոսի 29-ին Թուրքիայի հարավարևելյան Շեմդինլի նահանգի Հաքքարի գավառում թուրքական զինուժի և PKK-ի բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ 2 պրոֆեսիոնալ սերժանտ, ևս երեքը՝ վիրավորվել: Նույն օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը սևեռել ԻՊ դեմ պայքարում՝ քննադատելով Սիրիայի քրդերի դեմ գործողությունները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն:
• Օգոստոսի 31 – սեպտեմբերի 1-ին Թուրքիայի զինուժը կործանիչներով հարվածել է Թուրքիայի Հաքքարի նահանգի՝ Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառի բնակավայրերում քրդերի դիրքերին:
• Սեպտեմբերի 2-ին թուրքական զինուժը Չուքուրջա գավառում շարունակել է օդուժի աջակցությամբ գործողությունները քուրդ զինյալների դեմ, ինչի հետևանքով, կողմերը երկուստեք կորուստներ են կրել:
• Սեպտեմբերի 1-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերից ևս 820 զինվորական հեռացնելու մասին, որոնցից 648 հոգին ներկայումս ձերբակալված են:
• Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվել է Էֆքան Ալայը, ում այդ պաշտոնում փոխարինել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն (Süleyman Soylu):
Իրան
Ռուսաստանից ստացած Ս-300 ՀՕՊ համակարգերը Իրանի զինված ուժերը տեղակայել են Ֆորդո միջուկային օբյեկտի մոտ, իսկ ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ին համարժեք համարվող իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրը շուտով կհամալրի Իրանի ԶՈւ սպառազինությունը, և ըստ իրանական կողմի՝ ռուսաստանյան Ս-400 համակարգեր գնելու անհրաժեշտություն Իրանն այլևս չի ունենա:
• Օգոստոսի 29-ին, Իրանի արևելքի հակաօդային պաշտպանության բազաներից մեկում իրանի օդային տարածքը խախտած ԱՄՆ անօդաչու թռչող սարքի պատճառով տագնապ է հայտարարվել:
Ռուսաստան
• Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում օգոստոսի 29-ի դրությամբ ՌԴ Հարավային դաշնային շրջանում ստեղծվել են ավիացիայի և ՀՕՊ խմբավորումներ: Ստուգումների շրջանակներում ՌԴ Սևծովյան նավատորմի և Կասպյան նավատորմիղի ծովային ավիացիան և նավախմբերը իրականացրել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և չեզոքացման վարժանքներ:
Հանկարծակի ստուգումների շրջանակներում Կասպյան նավատորմիղի հարվածային խումբը կրակային վարժանքներ է անցկացրել Կասպից ծովի տարածքում, իսկ ՌԴ ՌԾՈւ Կասպյան և Սևծովյան նավատորմերում անցկացվել են զորավարժություններ, որոնցում ներգրավված են եղել ինչպես ռազմանավեր, այնպես էլ ռազմական ավիացիա:
Նույն ստուգումների շրջանակներում վարժանքներ են անցկացրել Հարավային ռազմական շրջանի մոտոհրաձիգները, ՀՕՊ ստորաբաժանումները, փորձարկվել են Մի-28Ն հարվածային ուղղաթիռները, իսկ ՀՕՊ և ռադիոտեխնիկական զորքերը 5 անգամ բերվել են օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման պատրաստականության «առաջին» աստիճանի:
Հանկարծակի ստուգումները ավարտվել են օգոստոսի 31-ին: Ավարտական փուլում ՌԴ ԶՈւ հյուսիսկովկասյան ստորաբաժանումներն «ազատագրել են տարածքներ», «խոցել հակառակորդի թիրախները»:
• Հարավային Օսիայում տեղակայված ՌԴ ռազմաբազայում անցկացվել են լեռնային վայրերում պայմանական հակառակորդի գրոհները հետ մղելու վարժանքներ:
• Ռուսաստանյան «Կալաշնիկով» ռազմարդյունաբերական կոնցերնը սեպտեմբերի 6-11-ին անցկացվելիք «Բանակ-2016» ցուցահանդեսին կներկայացնի սեփական արտադրության նոր զրահապատ թրթուռավոր ռոբոտ, որը նախատեսված է զորային հետախուզության, ինչպես նաև կրակային աջակցման համար:
Սիրիա / Իրաք / Այլ
• «Իսլամական պետության» AMAQ լրատուն հայտնել է, որ օգոստոսի 30-ին, Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգում, սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «երկրորդ» առաջնորդ, խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին:
• Ռուսաստանյան մասնավոր զինվորական կազմակերպությունները (ՄԶԿ) կարող են օգտագործվեն Սիրիայում՝ Հալեպը զինյալներից ազատագրելու համար: Այդ ուղղությամբ նախատեսվում է ստեղծել զինվորական 2 խումբ:
• Քրդական կողմը, իր մոտ ունենալով ոմն Թարիք Սոլակին Սիրիայի թուրքմենների 2-րդ դիվիզիայի հրամանատար նշանակվելու մասին փաստաթուղթը, պնդում է, որ Թուրքիան իր զինվորականներին նշանակում Սիրիայում գործող զինյալ խմբավորումների հրամանատարներ:
• Սեպտեմբերի 1-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Իրաքում 2016 թ․ օգոստոսին ահաբեկիչները սպանել են 691 մարդու, վիրավորել՝ 1016 մարդու, այդ թվում քաղաքացիական անձանց (473 զոհ, 813 վիրավոր):
• Օգոստոսի 29-ին Ուկրաինայի «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցերնը ներկայացրել է իր նախագծած Ան-ԲԿ-1 «Գորլիցա» անօդաչու թռչող սարքը և «Ֆանտոմ» բազմանպատակային զրահապատ ռոբոտը:
Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։