Ավարտվել է Ռուսաստանի հարավում և արևմուտքում ՌԴ ԶՈւ զորավարժությունը

Օգոստոսի 31-ին ՌԴ ստորաբաժանումներում ավարտվել են օգոստոսի 25-ին սկսված հանկարծակի ստուգումները: Ավարտական փուլում հյուսիսկովկասյան ստորաբաժանումները պայմանական մարտերում «ազատագրել են տարածքներ», «խոցել հակառակորդի օդային, ցամաքային և ջրային թիրախները»:Զորավարժության ավարտի և վարժանքների մասին հայտնում է (1, 2, 3) ՌԴ ՊՆ կայքը:

Ավարտական վարժանքներից մեկում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ստորաբաժանումները պայմանական հակառակորդից «ազատագրել են» բնակավայր, ինչպես նաև մարտանցել (форсировать) Դոն գետը: Այս վարժանքները ՀՌՇ տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ մոտոհրաձգային, ինժեներական, քիմիական պատրաստության ստորաբաժանումներ, ավիացիա՝ Ուկրաինայի Լուգանսկի շրջանից շուրջ 250-300 կմ հեռավորության վրա գտնվող Վոլգոգրադի շրջանի «Պրուդբոյ» զորավարժարանում:

ՀՌՇ ստորաբաժանումներն ուժեղացնելու նպատակով Վոլգոգրադի շրջան են վերախմբավորվել Արևմտյան և Կենտրոնական ռազմական շրջանների ստորաբաժանումներ: Ստորաբաժանումները իրականացրել են պայմանական հակառակորդի հարձակումից պաշտպանություն, հակահարձակում, հակառակորդի թիկունքում գործողությունների անցկացում:

ՀՌՇ ՀՕՊ ստորաբաժանումները «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրից խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախները: Հակառակորդին շփոթեցնելու նպատակով քիմիական պաշտպանության ուժերը պաշտպանության խորությունում բեմադրել են գոյություն չունեցող ուժերի աերոզոլային քողարկում: Հակառակորդի դիրքերին հրետանային հարվածների համար ներգրավվել են ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ:

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներով կրակային վարժանք. ՌԴ ԶՈւ

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներով կրակային վարժանք. ՌԴ ԶՈւ

Այնուհետև գործի են անցել մոտոհրաձգային ստորաբաժանումները, որոնք հետապնդել և «ոչնչացրել են» պայմանական հակառակորդին, տանկերի և զրահատեխնիկայի օգնությամբ ազատագրել անօրինական զինված խմբավորումների վերահսկողությանն անցած բնակավայր: Բնակավայրն ազատագրելուղ հետո մոտոհրաձգային ստորաբաժանումները դեսանտային տեխնիկայով մարտանցել են Դոն գետը, հանդիպակաց ափին հենակետ գրավել:

Վոլգոգրադում վարժանքներին ներգրավվել է շուրջ 4 հազար զինծառայող, 1000 միավոր զինտեխնիկա:

Աբխազիայում անցկացված վարժանքներում ՌԴ ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են պայմանական հակառակորդի օդային թիրախները: Ներգրավվել են ավելի քան 200 զենիթավոր, 40 միավոր ՀՕՊ տեխնիկա, այդ թվում՝ «Ս-300», «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ:

Պայմանական հակառակորդի թիրախների դերը կատարել են 200 կմ/ժ արագությամբ շարժվող անօդաչու թռչող սարքերը:

Վարժանքների ավարտին ՀՌՇ ավիացիայի ստորաբաժանումները դաշտային աերոդրոմ են հարմարեցրել, որտեղից մարտական թռիչքն են կատարել շուրջ 20 ինքնաթիռի հաշվարկներ: Հիմնականում ներգրավվել են Սու-25ՍՄ գրոհիչներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *