Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա կուտակել Սիրիայի սահմանին

Օգոստոսի լույս 31-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը Դիրարբեքիրի 7-րդ բանակային կորպուսից Շանլըուրֆա զինվորականներ և ռազմական տեխնիկա են ուղարկել, որոնք տեղակայվել են թուրք-սիրիական սահմանին՝ Ջերաբլուսի շրջանի դիմաց: Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը:

 

Նշվում է, որ 30 մեքենայից բաղկացած զինվորական շարասյունը Դիարբեքիրից տեղափոխվել է Շանլըուրֆա: Շարասյան մեջ եղել են տանկեր, զրահափոխադրիչներ, շտապ օգնության մեքենաներ, զինամթերք:

Հիշեցնեք՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ-ն օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Թուրքական զինուժի գործողություններին տրվել է «Եփրատի վահան» անվանումը:

Գործողության շրջանակներում Թուրքիան շուրջ 20 տանկ առաջին, ևս 10 տանկ՝ երկրորդ օրն էր մտցրել Սիրիայի տարածք: Բացի այդ թուրքական զինուժը շարունակում է զրահատեխնիկա կուտակել սահմանի երկայնքով:

Հավելենք՝ օգոստոսի 27-ին Սիրիայի քրդական ուժերն էին հայտնել թուրքական երկու տանկ խոցելու մասին, իսկ օգոստոսի 31-ին «Իսլամական պետությունը» հայտնում է Ջերաբլուսում Թուրքիայի ԶՈւ ևս երկու տանկի և հրթիռների ոչնչացման մասին:

Տեսանյութում քրդական զինուժը խոցում է Թուրքիայի Զու տանկերից մեկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *