Օգոստոսի 25-ին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում Հարավային Օսեթիայում տեղակայված ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները լեռնային վայրերում պայմանական հակառակորդի գրոհները հետ մղելու վարժանքներ են անցկացնում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությանը ներգրավված է շուրջ 300 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ զրահատեխնիկա, ավտոմեքենաներ, հատուկ ռազմական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր:
Համաձայն սցենարի՝ ստորաբաժանումները նախ պետք է կասեցնեն գերակշիռ թվով պայմանական հակառակորդի գրոհները, ապա անցնեն հակահարձակման:
Զինծառայողները մարտական կրակով վարժանքներ կանեն Տ-72Ա տանկերով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, «Սանի» ականանետներով, ավտոմատ և ձեռքի նռնականետերով: Վարժանքներն անցկացվում են բարձրլեռնային «Ձարցեմի» զորավարժարանում:
Հիշեցնենք, որ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ Հյուսիսկովկասյան բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն» աստիճանի: