Օգոստոսի 25-ին արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքի հրապարակած հոլովակը, որտեղ պատկերված էին Եմենի ապստամբների կողմից Սաուդյան Արաբիայի ԶՈւ վրացական Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենայի ոչնչացման կադրերը, վրացական փորձագիտական շրջանակներում մեծ արձագանք են առաջացրել:
Կադրերից երևում է, թե բարձր արագությամբ ընթացող Didgori զրահամեքենան ինչպես է վնասում առջևի սռնին (передняя ось) և մնում ճանապարհին, որից հետո նրան է բախվում «LAV III» ՀՄՄ-ն: Արդյունքում Եմենի հութիները 2 մեքենան էլ ոչնչացնում են:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 26-ին, միջադեպը մեկնաբանել է Didgori զրահամեքենան արտադրող վրացական պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի աշխատակից Գիգա Իվանաշվիլին՝ նշելով, որ «Այն ինչ կատարվում է Սաուդյան Արաբիայում կամ Եմենում մեր իրավասությունը չէ: Դա հաստատ խոտանված մեքենա չէր և այն դեռ ավելի վատ պայմաններում էլ է հայտնվել»:
Վրացի ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլու կարծիքով՝ պատահարի հիմնական պտասխանատվությունը մեխանիկ-վարորդինն է, ով մեծ արագությամբ փորձում էր անցնել բավականին խորը փոսերը: Ալադաշվիլին նշել է, որ նման իրավիճակում այդպիսի բան կարող էր պատահել նման կարգի ցանկացած զրահամեքենայի հետ: Նա նաև կարծում է, որ որոշ ուղղումներ մտցնելով կարելի է բարձրացնել մեքենայի դիմացկունությունը՝ ավելացնելով, որ ներկայիս տարբերակը շատ ավելի դժվարաշարժ է և ծանր:
Վրացի մեկ այ ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայայի կարծիքով՝ սա տեղական արտադրողի հեղինակությունը խաթարելու փորձ է. «Սա այսպես կոչված սև փիառ է, որը շատ տեղին է զենքի առևտրի համատեքստում: Այսինքն՝ զինագործական ընկերությունները այսպիսի մեթոդներ են օգտագործում մրցակիցներին վարկաբեկելու համար, եթե, իհարկե, դա հարմար է և դրա առիթը կա»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան Didgori Medevac զրահամեքենաները Վրաստանից ձեռք էր բերել 2016-ի հունվարին: Ըստ պայմանագրի՝ Վրաստանը պետք է շուրջ 100 միավոր Didgori Medevac մատակարարեր Սաուդյան Արաբիային, իսկ գործարքի արժեքը գնահատվում էր շուրջ 35 մլն. ԱՄՆ դոլար:
Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան