Թուրքիայի ներքին գործերի նախարարին հեռացրել են պաշտոնից

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հեռանալուց հետո ՆԳՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն (Süleyman Soylu): Այս մասին Յըլդըրըմը հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպումից հետո գումարած մամուլի ասուլիսին:

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողան, ՆԳՆ նախկին ղեկավար Է. Ալա, վարչապետ Բ. Յըլդըրըմ, ՆԳՆ ղեկավար Ս. Սոյլու

Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողան, ՆԳՆ նախկին ղեկավար Է. Ալա, վարչապետ Բ. Յըլդըրըմ, ՆԳՆ ղեկավար Ս. Սոյլու

Ներկայումս Էֆքան Ալան որևէ այլ պաշտոնի չի նշանակվել: CNN Turk-ի լրագրողը Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո հայտարարել է, որ դեռևս Ալայի պաշտոնից հեռանալու պատճառները հայտնի չեն: Նա ընդգծել է, որ նախագահ Էրդողանը չի հանդիպել Էֆքան Ալային, ինչը կասկածներ է ներշնչում, քանի որ նախագահը սովորաբար հանդիպում է պաշտոնից հեռացող նախարարին: Նոր նախարարն իր հերթին հայտնել է, որ նշանակումն իր համար «անակնկալ է եղել»:

Հարցին, թե արդյոք Ալային որևէ նոր պաշտոնի նշանակելու մասին տեղեկություններ կան, լրագրողը հայտնել է, որ լուրեր են պտտվում ազգային հետախուզական կազմակերպության վերափոխումներից հետո նրան այնտեղ նշանակելու մասին, սակայն լուրերը հստակ չեն, և այս պահի դրությամբ Ալան որևէ պաշտոնի չի նշանակվել, նման հեռանկարի մասին խոսք չկա:

Լրագրողը իրադարձությունը կապում է հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ, որտեղ թեև ոստիկանությունը իշխանության պահպանման հիմնական լծակներից մեկը դարձավ, սակայն ներքին գործերի նախարարության ուժային կառույցներում ևս «գյուլենականներ» կային, բացի այդ, նախարարության թերացումն էր նաև նման քանակությամբ «գյուլենականների» գոյության մասին տեղյակ չլինելը:

Նշենք, որ Էֆքան Ալան երեկ՝ օգոստոսի 31-ին, հրաժարականից ժամեր առաջ ՆԳՆ ղեկավարի պաշտոնում վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովի հետ: Կողմերը քննարկել են «գյուլենականների դեմ պայքարը երկու թուրթական պետություններում»:

Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի զինված կառույցներում որոշակի փոփոխություններ իրականացվեցին, ժանդարմերիան և առափնյա անվտանգության հրամանատրությունը գրեթե ամբողջությամբ դրվեցին ՆԳՆ ենթակայության տակ, մեծացվում է ոստիկանության հատուկջոկատայինների թիվը, ինչը երկրի ներսում հսկայական իշխանությւոն է տալիս ներիքն գործերի նախարարությանը:

One response to “Թուրքիայի ներքին գործերի նախարարին հեռացրել են պաշտոնից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 օգոստոսի – 3 սեպտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *