Ռուսաստանից ստացած Ս-300 ՀՕՊ համակարգերը Իրանի զինված ուժերը տեղակայել են Ֆորդո միջուկային օբյեկտի մոտ: Իրանական կողմը հեռուստատեսությամբ ցուցադրել է միջուկային օբյեկտի օդային քողարկման համար տեղակայված համակարգերը: Ֆորդոյում Ս-300-ների տեղակայման մասին երեկ՝ օգոստոսի 28-ին հայտնել է Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին:
Իրանի ՀՕՊ հրամանատարը հայտարարել էր, որ այսուհետ միջուկային օբյեկտը պաշտպանված կլինի օդային հարձակումներից: Գեներալ Իսմայիլին նշել է, որ դեռևս ոչ բոլոր Ս-300 համակարգերն են տեղակայվել և ներգրավվել ծառայությանը:
Նշենք, որ Ֆորդո գործարանը կառուցվում էր ուրանի հարստացման համար: Դեռևս 2012-13 թթ. ԱՄՆ-ն Իրանից պահանջում էր փակել գործարանը, որպեսզի կողմերը կարողանան համաձայնության գալ և դադարեցնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Սակայն իրանական կողմը հրաժարվում էր:
2015-ի հուլիսին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պետությունների համաձայնության շրջանակներում իրանական կողմը պարտավորվում է փակել ուրանի հարստացման գործարանները և Ֆորդոն վերածել միջուկային հետազոտությունների կենտրոնի: Սակայն անգամ այս պայմաններում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարում էր, որ իրանական կողմը որևէ բան չի դադարեցնի և համաձայնության դեմ էր հանդես գալիս:
Համարվում է, որ Ֆորդոյի կենտրոնը առաջին կետերից մեկն է Իրանում, որը հնարավոր գործողությունների դեպքում կխոցի իսրայելական կողմը: Ըստ այդմ վերջինիս հակաօդային պաշտպանությունը առաջնայիններից մեկն է Իրանի ղեկավարության համար:
Հիշեցնենք՝ Իրանը և Ռուսաստանը դեռևս 2007-ին 5 դիվիզիոն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր էին կնքել: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից:
Այնուամենայնիվ, 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց՝ Իրանին Ս-300 վաճառելու արգելքը հանելու վերաբերյալ և նույն տարվա նոյեմբերից սկսեց գործել Իրանին Ս-300-ների նոր արդիականցված տարբերակների տրամադրման պայմանագիրը: 2015-ի վերջին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը Իրանին կտրամադրի 2016-ի հունվար-փետրվար և օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Սակայն Իրանի՝ համապատասխան վճարումները չկատարելու պատճառով Ս-300 համակարգերի առաջին բաղադիչները մատակարարվեցին 2016թ ապրիլին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված զորահանդեսում:
Իսկ արդեն 2016-ի հուլիսին Ռուսաստանը Իրանին մատակարարել էր Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերի հրթիռների առաջին խմբաքանակը: Օգոստոսին ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռոգոզինն իր հերթին հայտնեց, որ արդեն ողջ խմբաքանակի կեսն է մատակարարվել Իրանին:
Pingback: Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info