Իրանի զորահանդեսում ներկայացվել է Ռուսաստանից գնված Ս-300 համակարգը

Ապրիլի 17-ին Իրանի զինված ուժերի օրվա կապակցությամբ Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է նաև Իրանի՝ Ռուսաստանից ստացած Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը: Այս մասին տեղեկացնում են իրանական լրատվական գործակալությունները:

Զորահանդեսի ժամանակ հրապարակով անցել են Ս-300 համակարգի բաղկացուցիչ մարտական և օժանդակ մեքենաները, բայց ոչ հենց հրթիռների արձակման կայանները, ինչպես երևում է տեսանյութում:

Ներկայացված տեխնիկայի մեջ մտնում են համակարգի ռադիոտեղորոշման ռադարները, տեղափոխող-լիցքավորող, հրամանատարական, կապի մեքենաները և այլն:

Հատկանշական է, որ ըստ իրանական «Թասնիմ» գործակալության, ներկայացվածը եղել է Իրանի սպառազինության Ս-300 համակարգերի միայն մի մասը:

Ավելացնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ է հայտնի է դարձել, որ Ռուսաստանն արդեն Իրանին է մատակարարել Ս-300ՊՄՈւ-1 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակը: Մինչ այդ մատակարարումների հետ կապված խնդիրներ կային, որոնց պատճառներից էր Իրանի՝ վճարումներն ուշացնելը:

Բացի այդ էլ նախորդ (2007թ.) պայմանագրի ուշացումից հետո Իրանը Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել միջազգային դատարանում և ռուսաստանյան կողմից 4 մլրդ դոլար էր պահանջում պայմանագրի չկատարման դիմաց: Այս պայմաններում Ռուսաստանը ուշացնում էր նոր պայմանագրի (2015թ.) համաձայն համակարգերի մատակարարումը՝ սպասելով, որ Իրանը երաշխիք կտա, որ համակարգերի մատակարարման դեպքում հետ է կանչելու հայցը:

Նշենք, որ կողմերը Ս-300ՊՄՈւ-1 համակարգերի մատակարարման պայմանագիր էին կքնել 2007-ին: Այդ պայմանագրով նախատեսվում էր, որ Ռուսաստանը 800 մլն դոլարի գնով իր արտադրության համակարգերի 5 դիվիզիոնային լրակազմ է մատակարարելու Իրանին:

Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Իրանը Ժնևի միջազգային դատարան հայց ներկայացրեց ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

Հետագայում՝ 2015-ի ապրիլին, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը:

Իսկ 2015-ի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 2016-ի հունվար-փետրվարին և օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանը Իրանին կտրամադրի համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը:

3 responses to “Իրանի զորահանդեսում ներկայացվել է Ռուսաստանից գնված Ս-300 համակարգը

  1. Pingback: Իրանի Ս-300 համակարգերը մարտական հերթապահության կանցնեն 2017-ի մարտին | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացրած դատական հայցը | Ռազմ.info

  3. Pingback: Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *