Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները

ԶՈւ գլխավոր շտաբի ու բանակի ղեկավար կազմի փոփոխություն, Ռուսաստանի կողմից Համադանի ավիաբազայի (չ)օգտագործում, Ս-300 զենիթահրթիռային համակարգերի ստացում, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններ, մահապարտ անօդաչուների կիրառում և նոր ԱԹՍ-ների ներկայացում:

Իրանի հոգևոր առաջնորդը և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը • Ռուսաստանի՝ Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանի զորահանդեսին • ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները Իրանի Համադան ռազմաբազայում • Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները

Իրանի հոգևոր առաջնորդը և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը • Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանի զորահանդեսին • ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները Իրանի Համադան ռազմաբազայում • Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները

Նշանակումներ զինված ուժերում

Հունիսին  Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով ԶՈւ ԳՇ պետ նշանակվեց գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ով այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիին: Այսպիսով, 1989 թվականից հետո առաջին անգամ այս պաշտոնին նշանակվեց նոր մարդ։

Մինչ այդ Բաղերին զբաղեցնում էր Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Բաղերիի փոխարեն հուլիսին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին, որը 2008-ից բանակի հրամանատարի տեղակալն էր:

Նոյեմբերին Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում է նշանակվել բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը, ով  մինչ այդ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն էր: Փուրդասթանի թափուր պաշտոնն է զբաղեցրել բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, ով 2007 թվականից ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն էր:

Դեկտեմբերին Բասիջ* կազմավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցրեց բրիգադային գեներալ Ղոլամհոսեին Ղեիբփարվարը, որը մինչ այդ 11 տարի զբաղեցրել է Իրանի հարավային Ֆարս նահանգի ԻՀՊԿ հրամանատարի պաշտոնը, իսկ 2015-ից «Իմամ Հոսեին» ռազմաբազայի հրամանատարն էր:

Հեղինակավոր Al-Monitor կայքի վերլուծության համաձայն՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ պետի և Բասիջի ղեկավարների պաշտոններում նշանակվել են այնպիսի գեներալներ, որոնք թեև իրենց «գաղափարական արժանիքներով» զիջում են, բայց մարտական ու կազմակերպչական փորձով գերազանցում են նախորդներին։ Սրա նպատակն Իրանի համար ուժեղ պաշտպանական համակարգ և արդյունքում կանխատեսելի տեսանելի ապագա ունենալն է՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների համատեքստում։

* Բասիջը (պրսկ. بسيج) իրանցի երիտասարդ կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: 2007 թվականից  ԻՀՊԿ ենթակայության ներքո է: Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը, հանրային  կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:

Ռուսաստանի կողմից Համադանի ավիաբազայի օգտագործում

Ընթացիկ տարվա օգոստոսին Սիրիայում հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում Ռուսաստանը իր ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներով մի քանի անգամ թռիչքներ կատարեց Իրանի Համադան ավիաբազայից և հարվածներ հասցրեց Սիրիայում ԻՊ դիրքերին:

Ավիաբազայի օգտագործման մասին առաջինը հայտարարեց ռուսաստանյան կողմը՝ ներկայացնելով, թե Ռուսաստանն ինքնաթիռներ է տեղակայել Իրանում։ Սա հարուցեց իրանական կողմի զայրույթը, Թեհրանը հայտարարեց, որ Ռուսաստանը խախտել է պայմանավորվածությունը՝ հրապարակելով Համադանի ավիաբազայից ՌԴ ԶՈւ ինքնաթիռների թռիչքների մասին տեղեկությունները։ Ավելին, իրանական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը ոչ թե ինքնաթիռներ է տեղակայել Իրանի ավիաբազայում, այլ ուղղակի թռիչքներ է կատարել այնտեղից։

Արդյունքում իրանական ավիաբազայից Ռուսաստանի օդուժի թռիչքները դադարեցվեցին։ Սակայն անհայտ է՝ հետագայում գաղտնի թռիչքներ եղան, թե ոչ։

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Այժմ Համադանի ավիաբազայից  ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու հարցը պայմանանվորված է Սիրիայում գործողությունների հետագա զարգացումներով: Նշենք, որ Ռուսաստանն Իրանի բազան օգտագործում էր այն պատճառով, որ Սիրիայում Ռուսաստանի «Հմեյմիմ»  ավիաբազան չի կարողանում ընդունել մեծ չափերի ռմբակոծիչներ, ինչի պատճառով ռուսաստանյան ռմբակոծիչները ստիպված ամեն անգամ ավիահարվածներից հետո վերադառնում էին ՌԴ տարածք։

Ս-300 համակարգերի ստացում

Ապրիլի 17-ի զորահանդեսի ժամանակ Իրանն առաջին անգամ ցուցադրել է Ռուսաստանից ստացած Ս-300 համակարգերի առաջին բաղկացուցիչները, որոնց թվում չեն եղել արձակման կայաններ: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ, Իրանը ցուցադրել է նաև արձակման կայաններ:

Համակարգերի առաջին խմբաքանակը ստանալուց հետո Իրանը դրանք տեղակայել է «Ֆորդո» միջուկային օբյեկտի շուրջ: Իսկ հոկտեմբերին Ռուսաստանն ավարտել է պայմանագրով նախատեսված Ս-300 համակարգերի մատակարարումը Իրանին:

Այս համակարգերի մատակարարումը տևեց համարյա 10 տարի։ Մոսկվան ու Թեհրանը Ս-300 համակարգերի գնման պայմանագիրը ստորագրել էին դեռևս 2007-ին։ 800 մլն դոլարի դիմաց Իրանը ստանալու էր 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր։ Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Ռուսաստանի կողմից պայմանավորվածությունը խախտելու արդյունքում Իրանը Ժնևի միջազգային դատարան հայց ներկայացրեց ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

Միայն 2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը: Սրանից հետո, սակայն, Մոսկվան ու Թեհրանը երկար բանակցում էին մատակարարվելիք համակարգերի տարբերակի վերաբերյալ․ Ռուսաստանում համակարգի ՊՄՈւ-1 տարբերակն արդեն չէր արտադրվում, դրա փոխարեն Ռուսաստանն առաջարկում էր «Անթեյ-2500» համակարգեր և այլն (1, 2, 3)։ Ավելի ուշ՝ 2015-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է, բայց մատակարարվելիք համակարգերի տարբերակը չբացահայտվեց։ 2016 թ. սեպտեմբերին էլ հայտնի դարձավ, որ Իրանը հետ է կանչել Ռուսաստանի դեմ դատական հայցը։

Իրանը Ս-300 ՀՕՊ համակարգերը տեղակայել է Ֆորդո միջուկային օբյեկտի մոտ

Իրանը Ս-300 ՀՕՊ համակարգերը տեղակայել է Ֆորդո միջուկային օբյեկտի մոտ

2016-ի ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են եղել Ռուսաստանից այլ սպառազինություն, այդ թվում՝ Տ-90 տանկեր, Սու-30 կործանիչներ գնելու-չգնելու մտադրությունների մասին: Հայտարարություններ են եղել նաև սպառազինության գնման մոտ 10 մլրդ դոլարանոց հնարավոր գործարքի մասին, ինչի վերաբերյալ հստակ պայմանավորվածությունների մասին հայտնի չէ:

Բանակի և ԻՀՊԿ զորավարժություններ

Տարվա ընթացքում Իրանը անցկացրել է նաև մի շարք խոշոր զորավարժություններ, մասնավորապես` հոկտեմբերին եռօրյա զորավարժություն են անցկացրել բանակի ռազմաօդային ուժերը: Զորավարժության նպատակը իրանական արտադրության ռումբերի՝ թիրախները խոցելու ճշգրտությունը ստուգելն էր:

Նոյեմբերին երկրի 31 նահանգներից  14 -ում  Բասիջի գումարտակների ներգրավվածությամբ զորավարժություններ է անցկացրել ԻՀՊԿ-ն:

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը

Իսլամական հեղափոխությունից հետո իր պատմության մեջ առաջին անգամ Իրանը զորավարժություն է անցկացրել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ բարեկամական այցով Իրան եկած իտալական նավախմբի հետ։

Դեկտեմբերին Իրանը զորավարժություն է անցկացրել նաև Իրաքի ծովային ուժերի հետ։ Սա երկու նախկին թշնամիների առաջին զորավարժությունն է 1980-1988 թվականների Իրան-իրաքյան պատերազմից հետո, որը տարբեր գնահատականներով բերել է մինչև 1 միլիոն և ավելի մարդու կորստի, այդ թվում՝ մոտ 100 հազար քաղաքացիական բնակչության։

Նոր ԱԹՍ-ների ներկայացում

Դեկտեմբերին Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժության ժամանակ կիրառել են մահապարտ անօդաչու թռչող սարք: Միևնույն զորավարժության ժամանակ Իրանը ներկայացրել է 2 նոր ԱԹՍ, հակադրոնային համակարգ և այլ սպառազինություն:

Ընդհանրապես տարվա ընթացքում Իրանը տեղական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ է ներկայացրել, այդ թվում՝ մահապարտ, ԱՄՆ-ից ռազմավար վերցրած, ինչպես նաև ամերիկյան RQ-170 Sentinel  անօդաչուի նմանությամբ պատրաստված «Սաեղե» անօդաչուն:

Անօդաչու թռչող սարքերի նախագծումն Իրանում արդեն կայացած ճյուղ է, իրանցի մասնագետների պատրաստած հարվածային անօդաչուներն արդեն կիրառվում են Սիրիայում և Իրաքում։

Ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի նմանությամբ Իրանի ստեղծած «Սաեղե» ԱԹՍ-ն

Ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու թռչող սարքի նմանությամբ Իրանի ստեղծած «Սաեղե» ԱԹՍ-ն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *