Հունվարին Ռուսաստանը կսկսի Ս-300-ներ մատակարարել Իրանին

Իրանի հետ նոր պայմանագրով նախատեսված Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին գնդային լրակազմը Ռուսաստանը պատվիրատուին կուղարկի 2016-ի հունվար-փետրվար ամիսներին, իսկ երկրորդ գնդային լրակազմը՝ 2016-ի օգոստոս-սեպտեմբերին: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության համակարգից:

Աղբյուրի համաձայն՝ հենց այդքանն է նախատեսված ներկա պայմանագրով՝ երկու գնդային լրակազմ: Ընդ որում՝ համակարգերի ամեն գնդի կազմի մեջ լինելու է մեկ գնդային հրամանատարական կետ և արձակման կայանների 2 դիվիզիոն՝ յուրաքանչյուրում՝ 4 արձակման կայան:

Ներկայում Իրանի համար նախատեսված համակարգերի առաջին գնդային լրակազմն ավարտում է Ռուսաստանի Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող փորձարկումները, ինչից հետո Կասպից ծովով տեղափոխվելու է Իրան:

Բացի բուն համակարգերի տրամադրումից, Ռուսաստանը նախնական տվյալներով մինչև մայիս մարզելու է նաև 80 իրանցի զինվորականների, որոնց պատրաստելու է Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի շահագործման համար: Սրա դիմաց տրամադրվելիք գումարը նույնպես ներառված է ռուս-իրանյան պայմանագրի մեջ, որի ընդհանուր արժեքը, ըստ գործակալության աղբյուրի, 1 մլրդ ամերիկյան դոլար է:

Ավելացնենք, որ ռուս-իրանական առաջին գործարքը կնքվել էր շատ ավելի վաղ: Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:

Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Համակարգերի շուրջ բանակցությունների համատեքստում հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատարարելուց առաջ կատարելագործել այն: Նոյեմբերի 5-ին էլ Իրանի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրներ արտադրող «Ալմազ-Անթեյ» ընկերություն: