Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 24-25

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե գավառում շարունակվող բախումների հետևանքով դեկտեմբերի 24-ին սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1, վիրավորվել` 2 զինծառայող: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) տվել է 6 սպանված: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքական ուժայինները Ջիզրեում տանկերով և զրահամեքենանով

Թուրքական ուժայինները Ջիզրեում տանկերով և զրահամեքենանով

Նշենք, որ Թուրքիայի տրամադրած պաշտոնական տեղեկություններում որպես PKK-ի գրոհայիններ նշվող մարդկանց մի մասը քրդական աղբյուրներում ներկայացվում են իբրև խաղաղ բնակիչներ, ինչպես նաև տարբերվում են թուրքական ուժայինների կորուստների և վիրավորների մասին ներկայացվող տվյալները:

Այդ իսկ պատճառով` Թուրքիայի արևելքում զարգացող իրադարձությունների մասին առավել համապարփակ տեղեկություններ ստանալու համար ներկայացնում ենք թուրքական և քրդական աղբյուրների անդրադարձը թուրք-քրդական շարունակվող բախումներին:

Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը

Այսպես, դեկտեմբերի 25-ին թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեկտեմբերի բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Սիլոփի, Մարդինի` Նուսայբին և Դարգեչիդ, Դիարբեքիրի Սուր գավառներում և Բիթլիսի Սեհի Օրմանլարը տեղանքում ընդհանուր առմամբ սպանվել է PKK-ի 205 զինյալ: Ամենաշատ թվով զինյալներ սպանվել են Շրնաքի Ջիզրե գավառում` 139, և Դիարբեքիրի Սուր գավառում` 33 զինյալ:

«Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սուր գավառում, հատկապես գավառի կենտրոնական Սուր քաղաքում արդեն 24-րդ օրն է, ինչ շարունակվում են թուրքական ուժայինների և քուրդ զինյալների ուժգին բախումները:

Բախումներին ներգրավված թուրքական ոստիկանության և զինված ուժերին ենթարկվող ժանդարմերիայի հատուկջոկատայինները քրդերի ուղղությամբ կրակում են տանկերով և թուրքական «Կոբրա» զրահամեքենաների վրա տեղադրված են 12,7 մմ տրամաչափի գնդացիրներով:

Փոխանցելով ԶՈւ ԳՇ տրամադրած տվյալները` գործակալությունը նշում է, որ դեկտեմբերի 2-ից մինչ օրս Սուր գավառում սպանվել է 33 քուրդ զինյալ, 4 թուրք ուժային, վիրավորվել` 38 ուժային:

Սուր գավառը բախումների հետևանքով ավերակների է վերածվել

Սուր գավառը բախումների հետևանքով ավերակների է վերածվել

Քրդական աղբյուրների լուսաբանումը

ANF News լրատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական ուժայիններն արդեն 24-րդ օրն է, ինչ տանկերով և ծանր հրազենով կրակում են Սուր գավառի բնակելի շենքերի, ինչպես նաև կրոնական շենքերի վրա: Մասնավորապես նշվում է, որ լրջորեն վնասվել է մեկ հին մզկիթ:

Շրնաք նահանգի կենտրոնական բնակավայրերից մեկում թուրքական ուժայինները կրկին տանկերով և ծանր հրազենով կրակել են բնակելի շենքների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է 6 քաղաքացի, ավերվել են մի շարք տներ, Թուրքիայի մշակույթի նախարարությանը պատկանող շենքը:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառը թուրքա-ք-դական բախումների արդյունքում. 25.12.2015 թ.

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառը թուրքա-ք-դական բախումների արդյունքում. 25.12.2015 թ.

Նույն նահանգի Սիլոփի գավառում թուրքական ուժայինները սպանել են 23-ամյա մեկ կնոջ: Փողոց դուրս գալու արգելք սահմանելուց հետո արդեն 12-րդ օրն է, ինչ թուրքական ուժայինները կրակում են բնակելի շենքերի վրա, սպանում և վիրավորում խաղաղ բնակիչների:

«Դիջլե հաբեր» (DİHA) լրատվական գործակալությունը հայտնում է, որ թուրքական ուժայինները դեկտեմբերի 24-ին Դիարբեքիրի Սուր գավառում 3 երիտասարդի են սպանել: Քուրդ կանանց չեն թույլատրել փողոցից վերցնել սպանվածների դիերը: Նշված երիտասարդները թուրքական աղբյուրներում ներկայացվում էին որպես PKK-ի ահաբեկիչներ (Ռազմինֆո):

Թուրք-քրդական բախումների նախորդ լուսաբանումների մասին կարող եք կարդալ այստեղ:

Ավելացնենք, որ Դիարբեքիր, Մարդին և Շրնաք նահանգներում PKK-ի հետ բախումներում անցյալ շաբաթ ներկայացված տվյալների համաձայն` ներգրավված են Թուրքիայի ԶՈւ 10 հազար զինծառայողներ` 14 գեներալի գլխավորությամբ, ինչպես նաև մի քանի հազար ոստիկան, որոնց մասին հստակ տվյալներ չեն հրապարակվում:

PKK զինյալներ

PKK զինյալներ

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների արձակած կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ 1 ենթասպա, ևս 4 զինծառայողներ վիրավորվել էին: Այս դեպքից հետո թուրքական կառավարությունը կարճ ժամանակով գործողություններ սկսեց ԻՊ-ի դեմ, ինչից հետո անմիջապես անցավ քուրդերի դեմ պայքարին` ավիահարվածներ հասցնելով Իրաքում PKK-ի դիրքերին, ինչպես նաև գործողություններ սկսելով Թուրքիայի ներսում:

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակը զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավարևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիսարևմտյան և Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումն է: Կազմակերպության հիմքում ընկած են մարքսիստական, սոցիալիստական և քուրդ ազգայնականության գաղափարախոսությունները:

PKK-ի ռազմական թևը «Ժողովրդի պաշտպանական ուժեր»-ն են (Hêzên Parastina Gel — HPG, անգլ.` People’s Defence Forces). PKK-ի, ինչպես նաև վերջինիս ռազմական թևի համացանցային կայքերն արգելափակված են թուրքական դատարանի որոշմամբ: Հավելենք, որ երբեմն PKK-ն վերջինիս ռազմական թևի անվամբ կոչում են նաև HPG։ Կազմակերպությունն ունի նաև կանանց թև՝ YJA STAR-ը (քրդերեն` Yekîneyên Jinên Azad ên Star, անգլ.` Free Women’s Units).

2 responses to “Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 24-25

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. դեկտեմբերի 27-28 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *