Իրանի պատվիրակներն այցելել են Ռուսաստանի՝ Ս-300 համակարգերն արտադրող «Ալմազ-Անթեյ» գործարան

Նոյեմբերի 5-ին Իրանի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրներ արտադրող «Ալմազ-Անթեյ» ընկերություն: Այս մասին, ընկերության մամուլի ծառայությանը հղումով, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը

Ռուսաստանցի մասնագետները իրանցի պատվիրակներին ներկայացրել են Մոսկվայի՝ օդային փոխադրումների ավտոմատացված կառավարման համակարգի և դրա մասնաճյուղերի աշխատանքը: Պատվիրակությունն այցելել է նաև «Լիանոզովսկի էլեկտրամեխանիկական գործարան» (մտնում է «Ալմազ-Անթեյ» ընկերության մեջ) և այնտեղ ծանոթացել ձեռնարկության արտադրանքին (ռադիոտեղորոշման կայաններ):

Նշենք, որ Իրանն ու Ռուսաստանը ներկայում բանակցում են իրանյան զինված ուժերի Ս-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու վերաբերյալ, իսկ համակարգերն արտադրում է հենց «Ալմազ-Անթեյ» ընկերությունը:

Բանակցությունների վերաբերյալ ամենաթարմ տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը համակարգերը Իրանին փոխանցելուց առաջ նախատեսում է արդիականացնել դրանք: Հավանական է, որ արտադրող ընկերություն այցելած իրանյան պատվիրակությունը ծանոթացել է նաև արդիականացման չափանիշներին և արտադրության գործընթացին:

Հետաքրքիր է նաև, որ օրեր առաջ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն Իրանին մատակարարում է ոչ միայն հակաօդային պաշտպանության համակարգեր, այլև էլեկտրոնիկայի որոշ տեսակներ, որոնք արգելված չեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով:

Ավելացնենք, որ Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:

Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:

2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *