Ռուսաստանը մինչև տարեվերջ Ս-300-ներ կփոխանցի Իրանին

ՌԴ-ի՝ Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու վերաբերյալ պայմանագիրը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում, իսկ գործարքը կիրականացվի մինչև տարեվերջ: Ներկայում պայմանագիրը թարմացվում է: Այս մասին ապրիլի 16-ին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեքհանը, ով ՌԴ պաշտպանության նախարարության նախաձեռնած միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Մոսկվա: Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, թե Ս-300-ների՝ Իրանին տրամադրելը չի վտանգում Իսրայելի անվտանգությունը, և տարածաշրջանային զարգացումների և հատկապես Եմենում առկա նմանօրինակ խնդրի պարագայում Իրանին նման զենք տրամադրելը կանխարգելիչ նշանակնություն ունի:

Հիշեցնենք, որ դեռևս 2007-ին Իրանին 5 դիվիզիոն Ս-300 համակարգեր տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքված 800 մլն դոլարի պայմանագիրը 3 տարի անց կասեցվել էր ՌԴ նախագահի կողմից՝ Իրանին զենք չտրամադրելու պատժամիջոցների պատճառաբանությամբ:

Սակայն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի՝ Իրան արտահանման ու այդ երկրին տրամադրելու արգելքը հանվել է այս տարի՝ ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանագրով: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս որոշումը մեկնաբանել է միջուկային հարցի շուրջ Արևմուտքի և Իրանի բանակցություններում վերջին շրջանում նկատվող առաջընթացով: Իսկ նախագահ Պուտինը նշել է, թե այս որոշումը չի կարելի համարել ՄԱԿ-ի սահմանած պատճամիջոցների չեղարկում, քանի որ Ս-300-ներն ընդգրկված չեն եղել ՄԱԿ-ի կողմից Իրանի վրա սահմանված զենքի էմբարգոյի ցուցակում, և 2007-ի պայմանագրի կասեցումը միակողմանի որոշում է եղել:

Ենթադրվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին փոխանցել համակարգերի Ս-300ՎՄ «Անթեյ-2500» տարբերակը, որն ունակ է ոչնչացնել մինչև 4500մ/վ արագությամբ շարժվող թիրախներ մինչև 200-250կմ հեռավորության վրա (կախված թիրախի տեսակից): Համակարգի արձակած մեկ հրթիռով հակառակորդի բալիստիկ հրթիռի խոցման հավանականությունը գնահատվում է 40-70 տոկոս, ինքնաթիռի դեպքում հավանականությունը հասնում է մինչև 90 տոկոսի։