Ռուսաստանը Իրանին մատակարարում է ՀՕՊ և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ

Ռուսաստանը Իրանին մատակարարում է այնպիսի սպառազինություն, որը սահմանափակված չէ ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով: Նման սպառազինության մեջ մտնում են հակաօդային պաշտպանության միջոցները և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ: Այս մասին նոյեմբերի 2-ին ռուսաստանյան Россия 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտ» պետական գործակալության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:

Իրանին փոխանցելիք Ս-300 համակարգերի մասին խոսելիս պաշտոնյան նշել է, որ իրենք ներկայում բանակցում են իրանյան կողմի հետ և քննարկում են նոր պայմանագրի պայմանները: Բանակցությունների թեմաներից մեկը Իրանի՝ միջազգային դատարան հայցն է ընդդեմ «Ռոսօբորոնէկսպորտի», որով Իրանը փոխհատուցում է պահանջել ռուսաստանյան պետական ընկերությունից վերջինիս՝ նախորդ տարիներին սպառազինությունը չփոխանցելու համար: Իսայկինի խոսքով՝ այս հայցը կատարվելու է, սակայն պաշտոնյան չի նշել, թե ինչ պայմաններով:

Նշենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի վերջին, հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը կատարելագործում է Ս-300 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը՝ Իրանին մատակարարելուց առաջ: Նույն «Ռոսօբորոնէկսպորտ» գործակալության ղեկավար Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատակարարելուց առաջ կատարելագործել այն:

Ռուսաստանյան լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ «Ռոսօբորոնէկսպորտի» ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանից Սիրիա մատակարարվող սպառազինությանը և հայտարարել, որ ռուսաստանյան կողմը մշտապես զենք է մատակարարել Սիրիայի կառավարությանը և այսուհետ ևս շարունակելու է անել դա: Պաշտոնյայի խոսքով՝ դրա համար խոչընդոտ չկա, քանի որ այդ առևտուրը կարող է սահմանափակվել միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշմամբ, իսկ նման որոշում չկա: Եվ բացի այդ, ռուսաստանյան կողմը կարծում է, որ Սիրիան միջազգային ահաբեկչության դեմ պայքարող հիմնական երկիրն է, և սիրիական կառավարությանը մատակարարվող ռուսաստանյան սպառազինությունն օգտագործվում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար:

One response to “Ռուսաստանը Իրանին մատակարարում է ՀՕՊ և էլեկտրոնիկայի որոշ տեսակներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *