Իրանը հետ է կանչել Ս-300 ՀՕՊ համակարգերի ուշացման համար Ժնևի միջազգային արբիտրաժային դատարանում ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության դեմ ներկայացրած 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի հայցը: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը:
Ռոգոզինը նշել է, որ Իրանն արդեն իսկ կանխավճար է տրամադրել 2015-ին կնքված նոր պայամանագրով նախատեսված Ս-300-ների համար, և սկսվել է ՀՕՊ համակարգերի մատակարարման գործընթացը:
Առավել վաղ` 2007-ին, Ռուսաստանը և Իրանը ստորագրել էին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ 800 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ ներկայացրեց ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:
2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց սահմանափակումը: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը, ինչի պատճառով էլ համակարգերի տրամադրման նոր պայմանների վերաբերյալ բանակցությունները ձգձգվեցին:
Ի վերջո, 2015-ի դեկտեմբերի վերջին պարզ դարձավ, որ Իրանի հետ նոր պայմանագրով նախատեսված Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին գնդային լրակազմը Ռուսաստանը պատվիրատուին կուղարկի 2016-ի հունվար-փետրվար ամիսներին, իսկ երկրորդ գնդային լրակազմը՝ 2016-ի օգոստոս-սեպտեմբերին:
Pingback: Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» պատրաստ է Տ-90Ս տանկերի արտադրություն կազմակերպել Իրանում | Ռազմ.info