Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել Ս-300 հակաօդային համակարգերի երկրորդ խմբաքանակը. այն փաստացիորեն պատրաստ է փոխանցման: Այս մասին ռուսաստանյան izvestia.ru լրատվամիջոցին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
Ըստ Ֆոմինի՝ համակարգերը հնարավոր կլինի մատակարարել մոտ ժամանակներս՝ անմիջապես այն բանից հետո, երբ իրանցիները կատարեն ֆինանսական պարտավորությունները (փոխանցեն գումարը):
Հիշեցնենք, որ 2015թ. վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ս-300 ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը Իրանին կտրամադրի 2016-ի հունվար-փետրվար և օգոստոս –սեպտեմբեր ամիսներին:
Սակայն համակարգերը փետրվարին չմատակարարվեցին, քանի որ Իրանը դեռ չէր կատարել համապատասխան վճարումները: Ս-300 համակարգերի առաջին բաղադրիչները մատակարարվեցին 2016թ. ապրիլին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված զորահանդեսում:
Հիշեցնենք, որ Իրանը և Ռուսաստանը Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման պայմանագիրը կնքել են 2007–ին: Ըստ պայմանագրի՝ համակարգերի համար Իրանը վճարելու էր մոտ 800 մլն ամերիկյան դոլար:
Սակայն 2010-ին ՄԱԿ-ն սահմանեց պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, որով արգելվեց որոշ զինատեսակների մատակարարումը Իրանին: Ու թեև Ս-300 համակարգերի մատակարարման պայմանագրին դա չէր վերաբերում, այնուամենայնիվ Ռուսաստանը, պատրվակ ընտրելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, հրաժարվեց Իրանին մատակարարել զենիթահրթիռային համակարգերը:
Իրանի վրայից պատժամիջոցները հանելու համատեքստում 2015թ. ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հանվեց Ս-300 համակարգերի՝ Իրան արտահանման արգելքը:
Հոդվածի հեղինակ Ժաննա Վարդանյան