ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ «գործել են ՄԱԿ-ի մանդատով»

Օգոստոսի 27-ին Բելառուսի «Օբուզ Լեսնովսկի» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016»  զորավարժությունը: Վերջին փուլին ներկա է եղել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և անդամ երկրների ԶՈւ հրամկազմը հետևում են խաղաղապահների վարժանքներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և անդամ երկրների ԶՈւ հրամկազմը հետևում են խաղաղապահների վարժանքներին

Զորավարժության ընթացքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ են ստացել: Վերջին՝ ակտիվ փուլում նպատակ էր դրվել կատարելագործել խաղաղության հաստատման և ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների ղեկավարման ունակությունները՝ անհրաժեշտ գործողությունների ժամանակ:

ՄԱԿ-ի մանդատով պայմանական գործողություններն անցկացվել են ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության տարածքում, որտեղ պետք է դադարեցնել երկու էթնիկ խմբերի միջև արյունահեղությունը: Խաղաղապահ հավաքական ուժերի տարբեր ստորաբաժանումները համատեղ գործելու ունակություները բարձրացնելուն ուղղված վարժանքներ են արել: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերի համատեղ գործողություններին:

Իրականացվել են հսկիչ-անցագրային կետերում ծառայության կազմակերպման, փոխադրամիջոցների զննման, հետիոտն պարեկության, փախստականների հետ աշխատելիս նրանց առաջին բուժօգնության ցուցաբերման վարժանքներ: Խաղաղապահ ուժերը «ապահովել են» ավտոշարասյան անվտանգ անցումը, իրականացրել ականազերծում, ապահովել կարևոր օբյեկտների պաշտպանությունը, շրջափակել և զննել բնակավայրը, գրոհել շենքեր, «հասցրել հումանիտար օգնություն»:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունից

Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի խաղաղապահները իրականացրել են հետախուզական գործողություններ, պայմանական տարածքի անվտանգության ապահովում, զննում և տարհանում:

Մեկ այլ փուլում խաղաղապահները օգնել են ոստիկանական ուժերին գրոհել շենքը և ազատել գերիներին: Բոլոր գործողություններն ուղեկցվել են ՌԴ և Բելառուսի ԶՈւ ավիացիայի օդային աջակցությամբ, գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր:

Վարժանքներին մասնակցել են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության շուրջ 1300 զինծառայող, 300 միավոր ավիացիա, զրահատանկային, ավտոմոբիլային տեխնիկա: Զորավարժությունը մեկնարկել էր օգոստոսի 23-ին:

One response to “ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ «գործել են ՄԱԿ-ի մանդատով»

  1. Pingback: ՀԱՊԿ-ը խորացնում է համագործակցությունը ՄԱԿ-ի հետ խաղաղապահ ոլորտում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *