Իրանը դեռ չի վճարել Ս-300 համակարգերի համար. մինչ այդ մատակարարումներ չեն լինի

Ռուսաստանը դեռ չունի Իրանին Ս-300 զենիթահրթիռային համակարգեր վաճառելու հստակ ժամանակացույց: Մատակարարումների մասին խոսելն այս պահին ժամանակավրեպ է. այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը փետրվարի 18-ին:

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը

Նման ժամանակացույցի բացակայության պատճառը, ըստ խոսնակի, այն է, որ Իրանը դեռ պատշաճ չի կատարել Ս-300 համակարգերի գնման համապատասխան վճարումները:

Սրանով հերքվել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե երեկ՝ փետրվարի 18-ին, նախատեսվում էր Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին խմբաքանակի ուղարկումը Իրան:

ՌԴ նախագահի խոսնակը, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ս-300 համակարգերի մատակարարումը քննարկվել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի՝ Մոսկվա այցի ժամանակ:

Նախարար Դեհղանը Մոսկվա է այցելել փետրվարի 17-ին և այնտեղ հանդիպել Ռուսաստանի նախագահին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, այլ պաշտոնյաների: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հանդիպումների ժամանակ քննարկվել են Իրանի՝ Ռուսաստանից ռազմական տեխնիկա գնելու հետ կապված հարցեր: Այցի ընթացքում ունեցած հարցազրույցի ժամանակ, սակայն, իրանցի նախարարը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը:

Ավելացնենք նաև, որ 2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը:

Իսկ 2015-ի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 2016-ի հունվար-փետրվար ամիսներին և օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանը Իրանին կտրամադրի Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը:

2 responses to “Իրանը դեռ չի վճարել Ս-300 համակարգերի համար. մինչ այդ մատակարարումներ չեն լինի

  1. Pingback: Ռուսաստանն Իրանին է մատակարարել Ս-300 համակարգերի առաջին խմբաքանակը | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի զորահանդեսում ներկայացվել է Ռուսաստանից գնված Ս-300 համակարգը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *