Օգոստոսի 25-ից ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումների շրջանակներում ՌԴ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ և ռադիոտեխնիկական զորքերը 5 անգամ բերվել են օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման պատրաստականության «առաջին» աստիճանի: Այս մասին այսօր՝ օգոստսի 30-ին, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորքերի տեղակայման վայրերի պաշտպանության վարժանքներում հայտնաբերվել է պայմանական հակառակորդի ինքնաթիռ համարվող ավելի քան 30 օդային թիրախ, որոնց դեմ օդ են բարձրացվել Սու-27 կործանիչներ: Օդային թիրախների նկատմամբ պայմանանորեն արձակվել են զենիթային հրթիռներ և կառավարվող ավիացիոն հրթիռներ:
Նշվում է, որ ռադիոտեղերոշման տվյալները ավտոմատացված կարգով հաղորդվել են միացյալ հակաօդային պաշտպանության հրամանատարական կայաններ, որտեղ մշակվել և որպես ուղղորդիչ փոխանցվել են զենիթահրթիռային զորքերի հաշվարկներին և ՀՕՊ մարտական հերթապահություն իրականացնող կործանիչների անձնակազմերին: