Ասյօր՝ սեպտեմբերի 2-ին, Թուրքիայի՝ Իրաքին սահմանակից Չուքուրջա գավառում թուրքական զինուժը շարունակել է օդուժի աջակցությամբ գործողությունները քուրդ զինյալների դեմ, ինչի հետևանքով, թուրքական կողմի փոխանցմամբ, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը, իսկ քրդերը տվել են 20 զոհ: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ այսօր մահացել է օգոստոսի 21-ին Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների հետ բախումներում վիրավորված մեկ թուրք հատուկջոկատային ոստիկան:
Նշվում է, որ Օգոստոսի 23-ին քուրդ զինյալները պայթեցրել էին ոստիկանության հատուկջոկատայիններ տեղափոխող զրահամեքենա, ինչի հետևանքով այն ժամանակ սպանվել էր մեկ ոստիկան, վիրավորվել՝ 3-ը:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Վանի Չլդրան գավառում թուրքական ուժայինների և քուրդ զինյալների բախումներում սպանվել է 3 «գյուղական պահպան», վիրավորվել՝ ևս 4-ը: Նշենք, որ «գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված, պետության կողմից զինված ստորաբաժանումներ են, որոնք նախատեսված են քրդական բնակավայրերում քուրդ զինյալների դեմ պայքարելու համար:
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Վանում քրդերի հետ բախումներում սպանվել էր թուրքական 2 ուժային, ևս 3 զինծառայող վիրավորվել էր: