«Կալաշնիկովը» ստեղծել է նոր զրահապատ ռոբոտ

Ռուսաստանյան «Կալաշնիկով» ռազմարդյունաբերական կոնցերնը սեպտեմբերի 6-11-ին անցկացվելիք «Բանակ-2016» ցուցահանդեսին կներկայացնի սեփական արտադրության նոր զրահապատ թրթուռավոր ռոբոտ, որը նախատեսված է զորային հետախուզության, ինչպես նաև կրակային աջակցման համար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ռուսաստանյան արտադրության «Սորատնիկ» ռոբոտիզացված թրթուռավոր զրահամեքենա

Ռուսաստանյան արտադրության «Սորատնիկ» ռոբոտիզացված թրթուռավոր զրահամեքենա

Նոր «Սորատնիկ» ռոբոտը ղեկավարվում է համակարգչով, ունի գաղտնիացված ռադիոկապ, հայտնաբերման և հետախուզման համակարգեր: Անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելիս ռոբոտը կարող է իրականացնել հակառակորդի դիրքերի հետախուզում, կրակային աջակցում ցուցաբերել ԶՈւ ստորաբաժանումներին:

Ցամաքային ռոբոտը կարող է աշխատել մասնավորապես նաև «Զալա աերո» ընկերության («Կալաշնիկովի» դուստր ընկերություն) ԱԹՍ-ների հետ: Ռոբոտի վրա կարող է տեղադրվել նաև մարտական մոդուլ՝ հեռակառավարվող սպառազինությամբ:

Զրահապատ ռոբոտը նախատեսված է մասնավորապես տարածքների պարեկության և պահպանության, ականազերծման և այլ ինժեներական աշխատանքների համար: Այն ստեղծվել է ՌԴ ՊՆ պատվերով:

Հիշեցնենք, որ առավել վաղ՝ 2015 թ., ռուսաստանյան «Միավորված սարքաշինական կորպորացիան» նախագծել էր ռոբոտների, այդ թվում՝ ԱԹՍ-ների և ցամաքային ռոբոտիզացված մեքենաների միանձնյա ղեկավարման համակարգ, որը թույլ է տալիս առաջադրանք տալ ռոբոտներին, իսկ ռոբոտներն իրենք են բաշխում առաջադրանքի առանձին մասերն ու կատարում դրանք ինքնուրույն:

Նշենք, որ սա ռուսաստանյան արտադրության առաջին զրահապատ ինքնագնաց ռոբոտը չէ: 2013-ին Իժևսկի ռադիոգործարանն ու «Ուրալվագոնզավոդը» ներկայացրել էին «Պլատֆորմա-Մ» («Платформа-М») զրահապատ ռոբոտները, որոնք 2014-ին ռուսաստանյան զինված ուժերի ստորաբաժանումները կիրառել էին զորավարժության ընթացքում:

2015-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի պետական «Սիստեմպրոմ» ընկերությունը նախագծում է 7 տոննա զանգվածով ռազմական ռոբոտ, որը որպես բազա կծառայի մարտական ռոբոտների, ականազերծող մեքենայի, ՌԷՊ համակարգերի և այլ տեխնիկայի համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *