Նախիջևանում հայկական կողմի կրակոցից զինծառայող չի սպանվել. ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հերքել են երեկ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանական որոշ լրատվամիջոցներով՝ Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի՝ «թշնամու կրակոցից» սպանվելու մասին լուրը:

ՀՀ ՊՆ հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ այն տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ «որոշ լրատվամիջոցներում Շամխորի շրջանից զորակոչված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուի՝ թշնամու կրակոցից զոհվելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում»:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ավելացնում է, որ միջադեպի հետ կապված զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, և այժմ ընթանում է քննություն: Ադրբեջանի ՊՆ-ն լրատվամիջոցներին ևս մեկ անգամ կոչ է անում «պաշտոնապես չհաստատված և չստուգված տեղեկություններ չտարածել»:

Նշենք, սակայն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հասկանալի չէ, թե արդյո՞ք զինծառայողը առհասարակ չի մահացել: Նշվում է, որ նա «թշնամու կրակոցից» չի սպանվել, և որ քրեական գործ է հարուցված: Սա թույլ է տալիս ենթադրել, որ զինծառայողը մահացել է ներքին խնդիրների, միջադեօերի պատճառով:

Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանական Meydan.tv լրատվակայքի համակարգորղը հայտնել էր, որ նույն օրը Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում «թշնամու կրակոցից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ․ ծնված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն (Qəmbərov Vüsal Razim oğlu):

One response to “Նախիջևանում հայկական կողմի կրակոցից զինծառայող չի սպանվել. ՀՀ և Ադրբեջանի ՊՆ-ներ

  1. Pingback: Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը ինքնասպան էր եղել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *