Երեկ՝ օգոստոսի 29-ին, ԱՄՆ պաշտպանության նախարար Էշ Քարթերը Թուրքիային կոչ է արել ուշադրությունը սևեռել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում՝ քննադատելով Սիրիայի քրդերի դեմ գործողությունները, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նա մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ին «մտահոգում են» բախումներն այն շրջաններում, որտեղ ԻՊ-ն չկա: Քարթերը նշել է, որ քրդերի դեմ գործողությունները կբարդացնեն «Իսլամական պետության» դեմ պայքարը, ինչպես նաև ընդգծել, որ «թուրքերը հեռացել են նպատակից»՝ ի նկատի ունենալով ԻՊ- դեմ պայքարից քրդերի դեմ ռազմական գործողություններին անցումը:
Reuters-ը իր հերթին նշում է, որ թուրքական զինուժի գործողությունների հետևանքով քրդերի շրջանում սպանվել է 41 խաղաղ բնակիչ: Սակայն թուրքկան կողմը հայտնում է 25 քուրդ զինյալների սպանելու մասին:
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն քրդական ստորաբաժանումներին օժանդակում է ԻՊ դեմ պայքարում, սակայն Թուրքիան նրանց համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» սիրիական ճյուղը՝ հայտարարելով «ահաբեկչական կառույց»:
Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետությունից» Ջերաբլուսը գրավելուց հետո թուրքական զինուժը Սիրիայի թուրքմենական զինյալ խմբավորումների աջակցությամբ շարժվում է քրդական գյուղերի ուղղությամբ՝ ռմբակոծելով և հրետակոծելով քրդերի դիրքերը, բնակավայրերը:
Ավելացնենք՝ օգոստոսի 29-ին քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին քրդական Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) 4 զինծառայող մեկնել են Ջերաբլուսի մոտակայքում թուրքկան զինուժի ռմբակոծություններից քաղաքացիականներին փրկելու, սակայն թուրքական կողմը նրանց գերի է վերցրել:
Հիշեցնեք՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ-ն օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Թուրքական զինուժի գործողություններին տրվել է «Եփրատի վահան» անվանումը:
Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն, ինչպես նաև Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև:
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հայտնում է Ջերաբլուսում մեկ տանկ կորցնելու մասին | Ռազմ.info