Օգոստոսի 25-ի առավոտյան՝ Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների շրջանակում, Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգի Քարքամըշ գավառում տեկայված Թուրքիայի ԶՈւ ստրոբաժանումներից ևս 10 տանկ անցել են թուրք-սիրիական սահմանը և շարժվել են Սիրիայի Ջերաբլուսի շրջան: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Համաձայն այլ պնդումների տանկերը անցել են սահմանը, շարժվել 1-2 կիլոմետր, ստուգում անցկացրել և հետ վերադարձել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջերբալուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:
Նշենք, որ դեռևս օգոստոսի 24-ին, Թուրքիայի ԶՈւ շուրջ 20 միավոր տանկ, տարբեր զինյալ խմբավորումների ուղեկցությամբ մտել են Սիրիայի տարածք և շարժվել դեպի Ջերաբլուս քաղաք:
Հիշեցնեք՝ օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ-ն օդուժի աջակցությամբ ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին: Թուրքական զինուժի գործողություններին տրվել է «Եփրատի վահան» անվանումը:
Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն, ինչպես նաև Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև:
Քրդական խմբավորումները վերջին շրջանում հաջողություններ են գրանցում ԻՊ դեմ պայքարում, ինչը Թուրքիային անհանգստացնում է: Թուրքական զինուժի՝ Սիրիա ներխուժումից հետո ուղիղ եթերով Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարեցին, որ գործողություններն ըստ էության ոչ միայն «Իսլամական պետության» դեմ են, այլև՝ քրդական ուժերի: Թուրքիան ցանկանում է իր վերահսկողությունը սահմանել թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում՝ փորձելով բացառել քրդերի ձեռքն անցնելու հնարավորությունը:
Pingback: Թուրքիան պետք է կենտրոնանա ԻՊ դեմ պայքարում, ոչ թե քրդերի. ԱՄՆ ՊՆ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն հայտնում է Ջերաբլուսում մեկ տանկ կորցնելու մասին | Ռազմ.info