Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016

Սպանվել է ադրբեջանցի զինծառայող • Ադրբեջանի տանկիստները վարժանքներ են անցկացրել • Բաքու են այցելել Իրանի ռազմանավերը • Վրաստանում վարժանք են արել ֆրանսիական պարեկանավի հետ • Իրանի օդուժը զորավարժություն է անցկացրել Սպահանում • Իրան են այցելել ՌԴ ռազմանավերը • Իրանի ռազմանավերը կասեցրել են ծովահենների գրոհները • Իրանում փորձարկել են զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության համակարգ, ներկայացրել են տեղական MRAP զրահամեքենա • Սիրիայի Հալեպում հրադադար է հայտարարվել • Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Հալեպի հյուսիսում • Թուրքական օժանդակությամբ զինյալները տարածքներ են գրավել Սիրիայի հյուսիսում • ՌԴ ԶՈւ-ն Սիրիայում ռազմածովային բազա կստանա 49 տարով • Իրաքում սկսվել է ԻՊ-ից Մոսուլի ազատագրումը • Իրաքում 2003-ից սպանվել է 166 հազար քաղաքացիական • Թուրքիան մինի ԱԹՍ-ներ է արտադրելու • ՀԱՊԿ նոր քարտուղար չի նշանակվել Նազարբաևի բացակայելու պատճառով • Եգիպտոսում զորավարժություն են անցկացրել ՌԴ ԶՈւ մասնակցությամբ • ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերներով» զորավարժություն է արել • Եմենում ժամանակավոր հրադադար է հաստատվել

Ադրբեջանի բանակի տանկային վարժանքներ • Իրանի օդուժի զորավարժություն • Հալեպի խաղաղ բնակչության տարհանում քաղաքից • Իրաքի կառավարական ուժերը Մոսուլի մատույցներում

Ադրբեջանի բանակի տանկային վարժանքներ • Իրանի օդուժի զորավարժություն • Հալեպի խաղաղ բնակչության տարհանում քաղաքից • Իրաքի կառավարական ուժերը Մոսուլի մատույցներում

Ադրբեջան / Վրաստան

• Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը սպանվել է Ադրբեջանի բանակի Թովուզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող Հաշիմով Յուսիֆ Յունուս օղլուն (Həşimov Yusif Yunus oğlu): (Նույն գիշերը Ադրբեջանի բանակը դիվերսիայի փորձեր էր արել Արցախի ուղղությամբ)։

• Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակի բոլոր տանկային ստորաբաժանումներում մեկնարկել են պլանային վարժանքներ, որոնց ընթացքում իրականացվում են տանկերով բնական և արհեստական պատնեշների հաղթահարման, կրակային վարժություններ:

Տանկային ստորաբաժանումների վարժանքներ Ադրբեջանում. հոկտեմբեր 2016 թ.

Տանկային ստորաբաժանումների վարժանքներ Ադրբեջանում. հոկտեմբեր 2016 թ.

• Հոկտեմբերի 18–ին Իրանի ՌԾՈւ 2 նավ՝ «Դամավանդ» էսկադրային ականակիրը և «Ջոշան» հրթիռային նավը, եռօրյա այցով ժամանել են Բաքվի նավահանգիստ: Այցի ընթացքում նախատեսված էր Իրանի և Ադրբեջանի ռազմանավերի համատեղ վարժանք։

• Հոկտեմբերի 17-ին Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել Ֆրանսիայի պարեկանավերից մեկը, որի հետ հոկտեմբերի 19-ին վարժանք են արել վրաստանցի ջրասուզակ զինծառայողները։

Իրան

• Հոկտեմբերի 17-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում երկրի ռազմաօդային ուժերը սկսել են եռօրյա զորավարժություն, որի ժամանակ կիրառել են ՍՈւ-24, ՄԻԳ-29, F-4, F-5, F-14, ինչպես նաև իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ:

Իրանի ռազմօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ

Իրանի ռազմօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ

• Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Թաթարստան» հրթիռային և «Գրադ սվիյաժսկ» փոքր հրթիռային ռազմանավերը բարեկամական այցով ժամանել են Իրանի Էնզելի նավահանգիստ:

• Ադենի ծովածոցում հերթապահություն իրականացնող իրանական 44-րդ նավախումբը հետ է մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների երկու հարձակումները:

• Իրանը «Զոլֆաղար» տանկերի վրա փորձարկել է զրահատեխնիկայի ակտիվ պաշտպանության սեփական արտադրության համակարգ: Անվտանգության և ոստիկանական ուժերի սպառազինության՝ Իրանում անցկացվող IPAS-2016 ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է իրանական առաջին MRAP զրահամեքենան, որը, հնարավոր է, պատճենվել է կանադական մեկ այլ զրահամեքենայից։

Սիրիա

• Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը դադարեցրել են Հալեպի շրջանում ավիահարվածները՝ հոկտեմբերի 20-ին հումանիտար օգնության կազմակերպմամբ պայմանավորված: Հոկտեմբերի 20-ին կողմերը Հալեպում հայտարարել են հումանիտար հրադադար, որի ընթացքում խաղաղ բնակիչները և զինյալները կարող էին լքել քաղաքը։

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Սակայն հոկտեմբերի 20-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում շարունակվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում ռմբակոծել են Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր, ինչից հետո թուրքական կողմը հայտարարել է քրդական PYD-ի շուրջ 160-200 զինյալի սպանության մասին:

Նույն օրը սիրիական կողմը հայտնել է, որ եթե Թուրքիայի ինքնաթիռները նորից խախտեն Սիրիայի օդային տարածքը, ապա Սիրիայի բանակը համապատասխան քայլեր կձեռնարկի և կխոցի թուրքական ինքնաթիռները: Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է նաև, որ Թուրքիայի զինուժի՝ Հալեպի հյուսիսային մի քանի բնակավայրերի ռմբակոծման հետևանքով մահացել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, Թուրքիան կրկին ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի տարածքում, ինչի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել ռուսաստանյան կողմը։

• Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի աջակցությամբ գործող սիրիացի «թուրքմեն զինյալները» հենց թուրքական զինուժի օգնությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալններից գրավել են Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ նահանգի Դաբիք և Սորան բնակավայրերը:

• Հոկտեմբերի 17-ին ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Սիրիայի Տարտուս նավահանգստում ՌԴ ԶՈւ ռազմածովային բազայի տեղակայման համաձայնագիրը կնքվելու է ոչ թե անորոշ ժամկետով, ինչպես ՌՕՈւ բազայի դեպքում, այլ՝ 49 տարով։

Իրաք

• Հոկտեմբերի 17-ին Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը: Հոկտեմբերի 18-ին Իրաքի կառավարական ուժերը կարողացել են «Իսլամական պետությունից» ազատագրել Նեմրութ քաղաքը: Հոկտեմբերի 18-ին Իրաքի կառավարական ուժերն ընդհանուր առմամբ ազատագրել են 220 քկմ տարածք (20 գյուղ հարավային ուղղությամբ, 7 գյուղ՝ հյուսիսային):

Մոսուլի ազատագրման մարտերը տիեզերքից․ մուգ մասերը կրակի ու ծխի ամպերն են (հոկտեմբերի 21, 2016)

Մոսուլի ազատագրման մարտերը տիեզերքից․ մուգ մասերը կրակի ու ծխի ամպերն են (հոկտեմբերի 21, 2016)

• Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերը ևս մասնակցել են Մոսուլում ԻՊ դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներին: Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե թուրքական կողմը կոալիցիայի համաձայնությամբ կներգրավվի Մոսուլի ավիահարվածներին:

• Հոկտեմբերի 19-ին Alsumaria հեռուստաընկերության կայքը վիճակագրական տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ Իրաքի պատերազմում 2003-2016 թվականներին զոհվել է ավելի քան 166 հազար քաղաքացի: Ընդ որում` զինծառայողների շրջանում կորուստներն այս թվի մեջ չեն մտնում:

Այլ

• Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հայտարարել է Թուրքիայի ԶՈւ կարիքների համար փոքր ԱԹՍ-ների արտադրության մրցույթ: Նախատեսվում է արտադրել 15-20 սմ չափերով անօդաչուներ, որոնք պետք է օգտագործվեն հակառակորդի դիրքերը հետախուզելու համար:

• ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է Երևանում կայացած նիստից հետո կառույցի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն օրակարգից հանելուն՝ նշելով, որ այդ հարցը չի քննարկվել նախագահներից մեկի բացակայության պատճառով (նիստին չէր մասնակցում Ղազախստանի նախագահը):

• Հոկտեմբերի 18-ին Եգիպտոսի Էլ Ումաեդ ռազմաբազայում Ռուսաստանի և Եգիպտոսի դեսանտայինները «Բարեկամության պաշտպաններ-2016» զորավարժության առաջին համատեղ վարժանքներն են անցկացրել:

Ռուս և եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

Ռուս և եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

• 2016թ. ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների շրջանակներում ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հաշվարկները վարժանքներ են անցկացրել ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի (ՌԴ եվրոպական հատված) Լուժսկի զորավարժարանում:

• Հոկտեմբերի 19-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին կից ռազմաբազայում զինված անձը կրակել է միջազգային զորքերի զինծառայողների վրա, ինչի հետևանքով սպանվել է 2 ամերիկացի։ Սպանվածներից մեկը զինծառայող է։

• Հոկտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի միջնորդությամբ 72 ժամանոց հրադադար է հաստատվել Եմենում, որպեսզի մարդասիրական օգնությունը տեղ հասնի հութիների շրջապատման տակ գտնվող Եմենի երրորդ խոշոր քաղաք Թաիզի:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

One response to “Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *