Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի «Թաթարստան» հրթիռային և «Գրադ սվիյաժսկ» փոքր հրթիռային ռազմանավերը բարեկամական այցով ժամանել են Իրանի Էնզելի նավահանգիստ: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Այցի նպատակը մերձկասպյան երկրների միջև համագործակցությունը ամրապնդելն է:
Այցի ընթացքում ռուսական նավախմբի հրամանատարը հանդիպելու է Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հրամանատարի և Գիլան նահանգի նահանգապետի հետ:
Սա ռուսաստանյան ռազմանավերի չորրորդ այցն է Իրան: Մինչ այս այցեր եղել են 2007-ին ,2014-ին և 2015-ին: Վերջին երկու այցերի ընթացքում ՌԴ ռազմանավերը անցկացրել են նաև զորավարժություններ Իրանի ռազմածովային ուժերի հետ:
Նմանատիպ այցով Իրանի ՌԾՈւ նավերը 2013-ին և 2015-ի հոկտեմբերին ժամանել են Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականցրել են զորավարժություններ:
Նշենք նաև, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Իրանի ռազմածովային ուժերի 2 նավ՝ «Դամավանդ» էսկադրային ականակիրը և «Ջոշան» հրթիռային նավը, եռօրյա այցով ժամանելու են Բաքվի նավահանգիստ:
Այցի հետ կապված Իրանի ՌԾՈւ դերծովակալ Աֆշին Ռեզաին հայտնել էր, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Իրանը շարունակելու է նմանատիպ ընկերական այցերը Կասպից ծովի այլ նավահանգիստներ, բացի այդ նախատեսվում է նաև այլ երկրների նավերի այց Կասպից ծովի իրանական ափեր:
Pingback: Իրան է ժամանել Ռուսաստանի ԶՈւ ռազմանավ | Ռազմ.info