Սիրիայում Ռուսաստանի ռազմածովային բազայի համաձայնագիրը կկնքվի կես դարով

Ռուսաստանյան կողմը հայտարարում է, որ Սիրիայի Տարտուս նավահանգստում ռազմածովային բազայի տեղակայման համաձայնագիրը կնքվելու է ոչ թե անորոշ ժամկետով, ինչպես ՌՕՈւ բազայի դեպքում, այլ՝ 49 տարով։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի դաշնային խորհրդում իր աղբյուրին։

Տարտուսում 1971 թվականից տեղակայված էր նախ ԽՍՀՄ, ապա՝ Ռուսաստանի ռազմանավերի նյութատեխնիկական ապահովման կետ, որտեղ հիմնականում նավերի ժամանակավոր սպասարկման աշխատանքներ են իրականացվում: Նավահանգիստը առայժմ չի բավարարում մշտական հիմունքներով ՌԴ ՌԾՈւ նավեր տեղակայելու պահանջներին:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին, ՌԴ ՊՆ տեղակալ Նիկոլայ Պանկովը հայտնել էր, որ Ռուսաստանը նախատեսում է Սիրիայի Տարտուս քաղաքում հիմնել ռազմածովային բազա: Իսկ ռազմաբազան հիմնելու վերաբերյալ փաստաթղթերն արդեն անցնում են միջգերատեսչական հաստատման փուլը, և առաջիկայում կառաջարկվեն դաշնային խորհրդի վավերացմանը։

Նշենք, որ «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտնել է, որ Տարտուսում մշտական ռազմածովային բազայի ստեղծումը ամենայն հավանականությամբ կվավերացվի մինչև 2016-ի վերջը։

Ավելացնենք, որ Տարտուսի նավահանգստի արդիականացումը և ՌԴ ռազմածովային ուժերի մշտական տեղակայման վայրի վերածելը Ռուսաստանի համար կարևոր է այն տեսանկյունից, որ Տարտուսը կդառնա ՌԴ ՌԾՈւ տրամադրության տակ գտնվող միակ արտասահմանյան լիարժեք ռազմաբազան: Դրա շնորհիվ Ռուսաստանը հնարավորություն կստանա մշտապես նավախումբ պահել Միջերկրական ծովում: Հավելենք, որ 2013 թվականից Ռուսաստանը սկսել է վերականգնել Միջերկրական ծովում իր էսկադրան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայում արդեն ունի ավիաբազա. «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք մասնակցում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ավիահարվածներին: Իսկ հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնային խորհուրդը վավերացրել է «Հմեյմիմում» ՌԴ ԶՈւ ավիախմբի՝ անորոշ ժամկետով և անհատույց տեղակայման համաձայնագիրը։

One response to “Սիրիայում Ռուսաստանի ռազմածովային բազայի համաձայնագիրը կկնքվի կես դարով

  1. Pingback: Ռուսաստանն ընդլայնում է Սիրիայում իր ռազմածովային ենթակառուցվածքը. համաձայնագիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *