Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողության շրջանակներում հոկտեմբերի 16-ին Թուրքիայի աջակցությամբ գործող տեղացի «թուրքմեն զինյալները» հենց թուրքական զինուժի օգնությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալններից գրավել են Սիրիայի հյուսիսային՝ Հալեպ նահանգի Դաբիք և Սորան բնակավայրերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նույն օրը Թուրքիայի պաշտպանության նապարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը օգոստոսի 24-ից մինչև այժմ կարողացել է ԻՊ-ից զինյալներից «մաքրել» թուրք-սիրիական սահմանի «մոտ 90 կմ լայնությամբ և մոտ 20 կմ խորությամբ տարածք»: Նա նաև նշել է, որ հուսով են՝ Թուրքիայի զինուժը ավելի հարավ կընթանա, այդպիսով ստեղծելով անվտանգության գոտի:
Դաբիքի գրավման գործողությունը մեկնարկել էր հոկտեմբերի 15-ին: Դաբիքը ԻՊ համար նշանակալի է այն առումով, որ համաձայն մուսուլմանական էսխատալոգիական հավատքի՝ հենց այդ վայրում է լինելու քրիստոնյանների և մուսուլմանների միջև մեծ ճակատամարտը, որի ժամանակ հաղթելու է իսլամը, ինչից հետո սկսվելու է աշխարհի վերջը:
Հիշեցնենք, որ 2016֊ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն իրականում Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու իր նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան տարածքների միավորումը բացառելն է:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info