Թուրքիան համաձայնության է հասել Մոսուլի գործողությանը մասնակցելու շուրջ. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երեկ՝ հոկտեմբերի 18-ին, հայտարարել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ ձեռքբերած համաձայնությամբ կներգրավվի Մոսուլի ավիահարվածներին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մոսուլի ազատագրման գործողության դրվագներից

Մոսուլի ազատագրման գործողության դրվագներից

Թուրքիայի պաշտպանության նախարարն այս տեղեկությունը հայտնել է Հռոմում հարավարևելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների խողովից հետո: Սակայն Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հնարավոր մասնակցության մասին թուրք նախարարը որևէ բան չի հայտնել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը արդեն մասնակցել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածներին: Սակայն քիչ անց թուրք վարչապետն ինքն իր հայտարարությունը հերքել էր՝ նշելով, որ բանակցություններ են տարվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Մոսուլի ազատագրման ցամաքային օդային գործողություններին մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, սակայն Իրաքի կառավարությունը կտրուկ դեմ է արտահայտվում Թուրքիայի մասնակցությանը: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել էր, որ Թուրքիան չի պատրաստվում կողքից հետևել քաղաքի ազատագրման գործողությանը։

Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկը Մոսուլում իրեն հավատարիմ սուննիների դիրքերն ամրապնդելն է, քանի որ Իրաքի ներկայիս կառավարությունը շիայական է: Այս միջոցով Թուրքիան փորձում է իր դիրքերն ամրապնդել նավթագազային պաշարներով հարուստ շրջանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *