Հոկտեմբերի 20-ին` առավոտյան 8-ից երեկոյան 19-ը, Հալեպում հումանիտար հրադադար է հաստատվել, որի ընթացքում խաղաղ բնակիչները և զինյալները կլքեն քաղաքը։ Տարհանման համար գործարկվում են հատուկ միջանցքներ. վեցը՝ խաղաղ բնակչության, ևս երկուսը՝ քաղաքի արևելյան մասում՝ զինյալների համար։
Հրադադարի նախաձեռնողը Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունն են, որոնք ուղղաթիռներից թափված քարոզչական թերթիկների միջոցով զինյալներին կոչ են արել նույնպես միանալ հրադադարի ռեժիմին: Մյուս երկրներին հրադադարի կազմակերպիչները կոչ են արել նույնպես ազդել զինյալների վրա, որպեսզի նրանք միանան հրադադարին:
Սակայն ինչպես փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը Հալեպում, «ահաբեկիչները» պարբերաբար գնդակոծում են միջանցքները, ինչի պատճառով տարհանման աշխատանքները ընթանում են նախատեսվածից ավելի դանդաղ։
Դրանից բացի, բնակիչների հավաստմամբ ահաբեկիչները սպառնում են բնակչությանը, որ նրանք չօգտվեն հումանիտար միջանցքներից և դուրս չգան քաղաքից։
Տարհանումը ի սկզբանե նախատեսված է եղել ժամը 8:00-ից 16:00, սակայն ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի որոշմամբ երկարաձգվել է ևս 3 ժամով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չորս տեսախցիկներով ուղիղ եթերով հեռարձակում է տարհանման ընթացը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ Ռուսաստանի և Սիրիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 18-ից դադարեցնում Հալեպում ավիահարվածները՝ պայմանավորված հոկտեմբերի 20-ին հումանիտար դադարի հետ։
Pingback: Հալեպում հաստատված հումանիտար հրադադարը երկարաձգվել է | Ռազմ.info