Կեսգիշերին Եմենում հրադադար կհաստատվի

Այսօր` հոկտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի միջնորդությամբ 72  ժամանոց  հրադադար է հաստատվելու Եմենում: Այս մասին հայտարարել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Հանձնակատարի խոսքերով` նա  ստացել է հակամարտող կողմերի համաձայնությունը՝  2016թ. ապրիլի 10-ին հաստատված հրադադարի պայմաններով կրկին հրադադար հաստատելու վերաբերյալ:

Հրադադարը հաստատվելու է Եմենի ժամանակով գիշերվա 23:59-ին (Երևանի ժամանակով հոկտեմբերի 20-ին` ժամը 00:59). սկզբում 72 ժամ, այնուհետև, եթե կողմերը պահպանեն հրադադարի  ռեժիմը, այն կերկարաձգվի:

Հութի զինյալներ՝ Սանայում

Հութի զինյալներ՝ Սանայում

Կողմերը պարտավորվում են  լիովին դադարեցնել ռազմական գործողությունները և  թույլ տալ, որ  մարդասիրական օգնությունը տեղ հասնի հութիների շրջապատման տակ գտնվող Եմենի երրորդ խոշոր քաղաք Թաիզի:

Ավելի վաղ` հոկտեմբերի 17-ին, Եմենի արտգործնախարար Աբդ էլ Մալեք ալ Մեխլաֆին հայտարարել էր, որ Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին համաձայնել է 72 ժամով  հրադադար հաստատել, եթե հութիները ևս հավատարիմ մնան դրան: Ավելի վաղ  Եմենում հրադադար հաստատելու կոչերով  հանդես էին եկել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Սաուդյան Արաբիան  և ՄԱԿ-ը:

Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոնդոնում Սիրիայի հարցերով ԱՄՆ և եվրոպական երկրների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախևառաջ  անհրաժեշտ է Եմենում հրադադար հաստատել առանց որևէ պայմանի, հետո` սկսել  բանակցությունները:

Եմենում հրադադար հաստատելու փորձեր եղել են նաև 2015թ մայիսին ,հուլիսին , 2016թ. ապրիլին, որոնք, սակայն ձախողվել են:

Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, մյուս  կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը:

2015 թ. փետրվարին հութիներին հաջողվում է նախագահ Հադիին հեռացնել  իշխանությունից: Վերջինս ապաստանում է սկզբում երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, իսկ օրեր անց, երբ հութիներին հաջողվում է  գրավել նաև այդ քաղաքը, Հադին լքում է երկիրն ու հաստատվում հարևան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում։

Այնուհետև Եմենի կառավարությունը օգնության խնդրանքով դիմում է արաբական երկրներին, ինչից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ  Պարսից ծոցի արաբական 9 երկրներ ստեղծում են դաշինք ընդդեմ հութինների (կազմում են  Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի)  և  ռազմական գործողություններ են սկսում  Եմենում։

Հետագայում կռիվը տեղափոխվում  է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *