Թուրքիան ցանկանում է մինի ԱԹՍ-ներ արտադրել

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հայտարարել է Թուրքիայի ԶՈւ կարիքների համար մինի անօդաչու թռչող սարքերի արտադրության համար մրցույթ:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊԱԳՎ կայքը: Մրցույթին մասնակցելու համար դիմումների վերջնաժամկետը նոյեմբերի 9-ն է:

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ

Ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը, փոխանցելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի պաշտոնյաներից ստացած հավելյալ տեղեկությունները, նշում է, որ նախատեսվում է արտադրել 15-20 սմ երկարությամբ անօդաչուներ, որոնք պետք է օգտագործվեն հակառակորդի դիրքերը հետախուզելու, տվյալներ հավաքագրելու համար:

Հիմնական խնդիրներից մեկը հետախուզական տվյալների բացակայության պատճառով ուժայինների շրջանում զգալի կորուստներից խուսափելն է: Նշենք, որ Թուրքիան 2015 թ. հուլիսից երկրի ներսում ցամաքային ռազմական գործողություններ է վարում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ:

Ինչպես ցույց է տալիս գործողությունների ընթացքը, թուրքական ուժայինների շրջանում արդեն իսկ հազարավոր զինծառայողներ և ուժայիններ են սպանվել: Մասնավորապես լեռնային շրջաններում թուրք զինծառայողները չեն նկատում քուրդ զինյալներին, ինչի հետևանքով վերջիններս հեռվից խոցում են թուրքական ուժայիններին:

Բացի այդ, 2016-ի օգոստոսից թուրքական զինուժը  ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք, որտեղ ևս բնակավայրերում մարտեր տանելու համար մինի անօդաչուներով նախատեսում է հետախուզական տվյալներ հավաքել:

Նշենք, որ Թուրքիայում վերջին տարիներին անօդաչուների արտադարությունը բավականին զարգացել է: Արտադրվում են ինչպես փոքր չափսի ԱԹՍ-ներ, այնպես էլ՝ հարվածային «Անքա» և «Բայրաքթար» անօդաչու սարքեր, որոնք արդեն համալրել են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *