Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադից դուրս է բերել 25 միավոր ռազմական տեխնիկա, զինվորական անձնակազմ և ռազմամթերք տեղափոխող 20 կոնտեյներ և ուղարկել է երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Համաձայն աղբյուրի՝ ռազմական մեքենաները և անձնակազմը տեղակայվել են Սիրիային սահմանակից Իսլահիյե գավառի 106-րդ հրետանային գնդի Ալփայ Բաշարան զորամասում:
Մինչ այս՝ սեպտեմբերի 13-ին, Մալթեփեի 2-րդ զրահատանկային բրիգադից դուրս է բերվել ևս 58 միավոր ռազմական մեքենայից կազմված շարասյուն և 120 զինվորական անձանակազմ, որոնք ուղարկվել են Իսլահիյե գավառ:
Ավելի վաղ Մալթեփեից դուրս են բերվել նաև տանկային շարասյուններ, որոնք նույնպես տեղափոխվել են Իսլահիյե գավառ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը սկսել էր դուրս բերել Մալթեփեյի զորամասի զրահատանկային ստորաբաժանումները դեռևս օգոստոսի 24-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ օգոստոսի 22-ից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրսբերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից, քանի որ խռովարարները հեղաշրջման փորձի ժամանակ փողոցներ էին հանել այդ քաղաքներում տեղակայված մի շարք զորամասերի զինանձնակազմը, տեխնիկան, այդ թվում՝ տանկեր, այլ զրահատեխնիկա:
Նշենք նաև, որ դեռևս օգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել էր, որ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները պետք է հանված լինեն այդ քաղաքներից մինչև սեպտեմբերի կեսը, սակայն ինչպես երևում է զինվորական ստորաբաժանումների դուրս բերումը շարունակվում է: