Թուրքական օդուժը Հալեպի հյուսիսում ռմբակոծել է քրդերին. կան սպանվածներ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի տարածքում շարունակվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում ռմբակոծել են Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր: Հայատարարվում է քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) շուրջ 160-200 սպանվածի մասին: Այս մասին Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նշվում է, որ թուրքական օդուժը 26 ռումբ է նետել քրդերի վերահսկողության տակ գտնվող 18 թիրախի ուղղությամբ, ոչնչացրել քրդերի 1 զրահամեքենա, որպես պահեստարան օգտագործվող 9 շենք և այլ շենքեր: Արդյունքում Թուրքիայի զինված ուժերը և նրանց աջակցությամբ գործող Սիրիայի թուրքմեն զինյալները գրավել են Էլ-Բաբ քաղաքի մոտակայքի 5 բնակավայր:

Քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ Սիրիայում քրդերի դիրքերին հարձակումներ են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, իսկ թուրքական օդուժը ավիահարվածներով նրանց առաջխաղացմանն է օգնում:

Հիշեցնենք, որ 2016֊ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն իրականում Թուրքիան սկսել է իրականացնել Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու իր նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան տարածքների միավորումը բացառելն է:

Քրդական ուժերի դեմ գործողությունները բազմիցս առաջացրել են Թուրքիայի ռազմական դաշնակից ԱՄՆ-ի դժգոհությունը, որը քրդերին համարում է ԻՊ-ի դեմ կռվող լուրջ ուժ և աջակցում  Սիրիայի քրդական կառույցներին: Թեև թուրքական կողմը PYD-ին համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) թև, ամերիկյան կողմը շարունակում է պնդել, որ այդ կառույցներն իրար հետ կապ չունեն:

One response to “Թուրքական օդուժը Հալեպի հյուսիսում ռմբակոծել է քրդերին. կան սպանվածներ

  1. Pingback: Սիրիան սպառնում է խոցել երկրի օդային սահմանը խախտած թուրքական ինքնաթիռները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *