Հոկտեմբերի 2օ-ին Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը հայտնել է, որ եթե Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նորից խախտեն Սիրիայի օդային տարածքը, ապա Սիրիայի բանակը համապատասխան քայլեր կձեռնարկի և կխոցի թուրքական ինքնաթիռները: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է նաև, որ Թուրքիայի զինուժի՝ Հալեպի հյուսիսային մի քանի բնակավայրերի ռմբակոծման հետևանքով մահացել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:
Նշենք, որ նույն օրը՝ ավելի վաղ, հայտնի է դարձել, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր: Թուրքական օդուժը 26 ռումբ է նետել քրդերի վերահսկողության տակ գտնվող 18 թիրախի ուղղությամբ, ոչնչացրել քրդերի 1 զրահամեքենա, որպես պահեստարան օգտագործվող 9 շենք և այլ շենքեր:
Հիշեցնենք նաև, որ 2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն իրականում Թուրքիան սկսել է իրականացնել Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու իր նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան տարածքների միավորումը բացառելն է:
Pingback: Սիրիական բանակը առաջին անգամ հարվածել է Սիրիայի թուրքմեն զինյալներին | Ռազմ.info