Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռը հարվածել է Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայր շարժվող, թուրքական զինուժի աջակցությամբ գործող տեղացի թուրքմեններին։ Սպանվել է 3 թուրքմեն, վիրավորվել՝ 13-ը։ Այս մասին հայտնում է թուրքական Haber Turk պարբերականը` հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։
«Եփրատի վահան» գործողության մեկնարկից Սիրիայի կառավարական բանակը առաջին անգամ է հարվածում թուրքմեններին («Սիրիայի ազատ բանակ»)։
ԶՈւ ԳՇ հայտարարության մեջ նշված է, որ թուրքմենները 4 կմ հեռավորության վրա են Հալեպի հյուսիս–արևելյան հատվածից։
Ըստ գլխավոր շտաբի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում «ազատագրվել է» 163 բնակավայր, իրենց վերահսկողության տակ է 1300 քկմ տարածք։
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ինչպես հայտնում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը, թուրքերը Ֆըրթընա հաուբիցով ոչնչացրել են ԻՊ 99 և «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) 18 թիրախ։
Հոկտեմբերի 20-ին Սիրիայի բանակի բարձրագույն հրամանատարությունը սպառնացել էր խոցել Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները Սիրիայի օդային տարածքը նորից խախտելու դեպքում։ Նույն օրը թուրքական օդուժը ռմբակոծել էր Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր: Հարվածներից զոհվել էր մոտ 150 խաղաղ բնակիչ։
Հիշեցնենք նաև, որ 2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը սկսել էր Սիրիայի թուրքմենների օգնությամբ Էլ–Բաբ բնակավայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից «մաքրելու» գործողությունը։
Pingback: Թուրքիայի զինուժը Սիրիայում կշարժվի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info