Ռազմինֆոն ներկայացնում է Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների 2016-ի հայտնի կորուստները • Ադրբեջանը նոր կորուստներ ունի առաջնագծում • Ադրբեջանը Նախիջևանում թուրքական արտադրության 302 մմ ՀԿՌՀ է ցուցադրել • Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունն այցելել է Տավուշի մարզին սահմանակից զորամասեր • Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը մեկնել է Աֆղանստան • Ադրբեջանում նորից հրդեհ է բռնկվել Սանգաչալի գազատարում • Վրաստանի ՊՆ-ից կհեռացվի շուրջ 3000 քաղաքացիական աշխատակից • Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը մեկնել է Աֆղանստան • Սիրիայում անհետ կորած 2 թուրք զինծառողները սպանված են • Թուրքիայի ԶՈւ ԳՇ և ՊՆ անձնակազմը 2017 թ. հունվարի դրությամբ • Թուրքիայի զինուժին է հանձնվել տեղական «Մեհմեթչիք-2» ավտոմատների առաջին խմբաքանակը • Թուրքական ընկերությունը ուղղաթիռի վարժասարք է արտադրել Քաթարի ԶՈւ համար • Թուրքական ժանդարմերիան PKK-ի դեմ գործողություններ է սկսել Դիարբեքիրում • Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել • Անկարան և Բաղդադը համաձայնության չեն եկել Իրաքից Թուրքիայի ԶՈւ դուրսբերման վերաբերյալ • Թուրքիան ինտենսիվացրել է ավիահարվածները PKK-ի դիրքերին՝ Իրաքի հյուսիսում • Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի հենակետերում • Թուրքիայի և Իրաքի վարչապետերը քննարկել են Իրաքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հարցը • Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի ԶՈւ ղեկավարին հրավիրել է Թուրքիա • Թուրքիան ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային • Իրանում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ և բանակի ցամաքային զորքերի հրամանատարի նոր տեղակալ • Airbus-ը Իրանին է մատակարարել պատվիրված 100 ինքնաթիռներից առաջինը • Ամերիկյան ռազմանավը նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությումբ. Reuters • Իրանը կընդլայնի հրթիռների արտադրությունը • Իրանի ՌԾՈւ զորավարժությանը կներկայացվի նոր սպառազինություն • Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել Սիրիայում • Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի «Մեզզե» ռազմական օդանավակայանի տարածքը • Ղազախստանը ՌԴ-ից գնել է 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ
Ադրբեջան / Վրաստան
• Ռազմինֆոյին, հիմնվելով բաց աղբյուրների վրա, կազմել է 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում հայտնի 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։ Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, այն զինծառայողներն են, որոնք մահացել են ապրիլի ընթացքում, կամ ավելի ուշ՝ ապրիլին ստացած վերքերից։
• Հունվարի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայկական զինուժի դեմ մարտերում սպանված իր մեկ զինծառայողի մասին, իսկ օրվա ընթացքում ավելի ուշ հայտնի է դարձել ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի կորստի մասին։ Եվս մեկ ադրբեջանցի մահացել է առաջնագծում ականի պայթյունից, նրա զինծառայող լինելը դեռ ստուգվում է։
• Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևանի զորամասերից մեկը, որի մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում երևում է թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
• Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Ադրբեջանի Թովուզի շրջանի՝ Տավուշի մարզի դիմաց տեղակայված զորամասեր, եղել սահմանին տեղակայված ադրբեջանական մի շարք բնակավայրերում:
• Ադրբեջանի ԶՈւ 41 զինծառայողներից կազմված հերթական խումբը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն իրականացնելու համար մեկնել է Աֆղանստան:
• Հունվարի 10-ին՝ երեկոյան ժամը 20:45-ի մոտակայքում, կրկին հրդեհ է բռնկվել Ադրբեջանի Սանգաչալի գազատարի հատվածներից մեկում: Հունվարի 11-ին Ադրբեջանի պետական նավթային ընկիերության (SOCAR) մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհը հանգցվել է:
• Վրաստանի պաշտապանության նախարարությունում նախարար Լևան Իզորիայի հայտարարած վերակազմավորման շրջանակում սպասվում է 3000 քաղաքացիական աշխատակցի հեռացում, իսկ զինված ուժերը արդեն լքել է 209 սպա:
• Հունվարի 12-ին Աֆղանստան են ուղևորվել Վրաստանի ԶՈւ խաղաղապահների հերթական վաշտը: Վաշտի ծառայությունն անցնելու է Մազարի-Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայում, «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում:
Թուրքիա
• Սիրիայում ընթացող Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողության ժամանակ անհետ կորած թուրք զինծառայողներ Քըվանջ Քասըքչըն և Մուհամեդ Դուրան Քեսքին սպանված են։ Զինծառայողները անհետացել էին նոյեմբերի 29-ին։ ԻՊ-ն հայտնել էր նրանց գերեվարելու մասին։
• Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հրապարակել է զինված ուժերի թվաքանակը՝ 2017 թ. հունվարի 2-ի դրությամբ: Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության անձնակազմերի մասին տվյալներ կրկին չեն հրապարակվել, քանի որ այդ զորքերն արդեն ամբողջովին ՆԳՆ ենթակայության տակ են։ Այսպիսով՝ Թուրքիայի ԶՈւ և պաշտպանության նախարարության անձնակազմը 398.513 է, որից 39240-ը քաղաքացիական աշխատողներ են, իսկ 359.273-ը՝ զինծառայողներ:
• Հունվարի 11-ին Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել տեղական արտադրության MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության առաջին խմբաքանակը:
• Թուրքական «Հավելսան» (Havelsan) ռազմարդյունաբերական ընկերությունը Քաթարի ԶՈւ ռազմաօդային ուժերի AgustaWestland AW139 բազմանպատակային ուղղաթիռի համար վարժասարք է արտադրել:
• Հունվարի 13-ին Թուրքիայի ՆԳՆ ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերը Դիարբեքիրի Լիջե և Հանի գավառների տարածքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) շարքերում ղեկավար դիրք զբաղեցնող զինյալներին «հայտնաբերելու և վնասազերծելու» ռազմական գործողություններ է սկսել:
• Հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակները Մոսկվայում ստորագրել են Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։
• Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսային «Բեշիքա» ռազմաճամբարում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների մնալը անհրաժեշտություն է, այլ ոչ թե կամայականություն:
• Հունվարի 10-12-ին թուրքական կողմը հայտնել է Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին ավիահարվածներ հասցնելու առնվազն 3 տարբեր գործողությունների իրականացման մասին։
• Հունվարի 7-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և Իրաքը համաձայնություն են ձեռք բերել Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման մասին Իրաքի պահանջի վերաբերյալ:
• Իրաքի այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 8-ին եղել է նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի հենակետերից մեկում, ծանոթացել զորքերի կառավարման կետի աշխատանքին։
• Հունվարի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Իրաքի ՊՆ պաշտոնակատարին հրավիրել է Թուրքիա։ Կողմերը քննարկելու են «Իսլամական պետության» դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Հրավերը համաձայնեցվել է Թուրքիայի արտգործնախարարի և ԶՈւ ԳՇ պետի հետ։
• 2016 թ․ դեկտեմբերի 30-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրի հետ ստորագրել են Ուկրաինայի զինուժին ռազմական օգնություն տրամադրելու արձանագրություն և ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։
Իրան
• Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարիի հրամանով ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ է նշանակվել գեներալ Ալի Զահեդին, ով այդ պաշտոնում փոխարինել է բրիգադային գեներալ Մեհդի Ռաբանիին։
• Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարիի առաջարկով և բանակի հրամանատար Աթաոլլահ Սալեհիի հաստատումով բանակի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ է նշանակվել երկրորդ կարգի բրիգադային գեներալ Ամիր Նովզար Նեմաթին։
• Հունվարի 12-ին եվրոպական Airbus ավիաընկերությունից Իրանը ստացել է պայմանագրով նախատեսված 100 մարդատար ինքնաթիռներից առաջինը (A-321)։ Այս մասին հայտարարել են իրանական IranAir ավիաընկերության ներկայացուցիչները։
• Հունվարի 8-ին Հորմուզի նեղուցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել են ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությամբ:
• Հունվարի 9-ին Իրանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով մասնավորապես նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը:
• Իրանի ռազմածովային ուժերի հունվարին անցկացվելիք «Վելայեթ 95» զորավարժությանը փորձարկվելու է տեղական արտադրության նոր սպառազինություն։ Զորավարժությունն անցկացվելու է Իրանի տարածքային ջրերում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում:
• Սիրիայում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ, իրանա-իրաքյան պատերազմի վետերան Ղոլամալի Ղոլիզադեն: Ղոլիզադեն Սիրիայում սպանված 10-րդ իրանցի գեներալն է արդեն։
َԱյլ
• Հունվարի 13-ի կիսգիշերին Իսրայել ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում գտնվող «Մեզզե» ռազմական օդանավակայանի տարածքը: Բռնկվել է հրդեհ:
• «Вертолеты России» հոլդինգը 2018-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությանը կմատակարարի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ: Պայմանագիրը կնքված է, հաշվվելու է ռուսաստանյան ռուբլիով:
Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։