Հունվարի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Նախիջևանի զորամասերից մեկը, որի մասին հաղորդագրությանը կից լուսանկարներում երևում է թուրքական արտադրության 302 մմ տրամաչափի «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ալիևի այցի մասին հայտնում է Ադրբեջանի նախագահականի կայքը:
Համակարգը մոնտաժված է ռուսաստանյան արտադրության «ԿամԱԶ» բեռնատար մեքենայի ընթացամասի վրա:

Ասդրբեջանի նախագահն այցելել է Նախիջևանի զորամաս. աջից պատկերված զինտեխնիկա՝ «Քասըրղա» ՀԿՌՀ-ի ՏԼՄ և արձակման կայան
Նշենք, որ մինչ այս թուրքական և ադրբեջանական լրատվամիօջոցներում տեղեկություններ հայտնվել էին Ադրբեջանին նշված ՀԿՌՀ-ներից տրամադրելու մասին, սակայն դրանցում մի շարք հակասություններ կան:
Մասնավորապես դեռևս 2013 թ. ՀԿՌՀ-ներն արտադրող թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերությունը իր էջում տեղադրել էր մի հոդված, որտեղ ասվում էր, որ «2010 թ. կնքված 244 մլն դոլարի պայմանագրի համաձայն Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է «Քասըրղա» ՀԿՌՀ-ներ»: Սակայն այդտեղ մեջբերված էր «Բաքվում ռազմական հետազոտություններով զբաղվող մի կենտրոնի ներկայացուցչի խոսքը»՝ առանց հստակեցնելու:
2014-ին նույն թուրքական ընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ Roketsan-ը «սկսել է Ադրբեջանին մատակարարել «Քասդըրղա» ՀԿՌՀ-ներ»: արդեն 2016 թ. սեպտեմբերին ադրբեջանական Azeri Defence լրատվակայքը հայտնում է, որ «Թուրքիան ավարտել է ՀԿՌՀ-ների մատակարարումն Ադրբեջանին»: Հոդվածում հրապարակված լուսանկարում «Քասըրղայի» վրա պատկերված էին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, համակարգը նույնպես «ԿամԱԶ»-ի ընթացամասի վրա էր:
Ավելացնենք նաև, որ դեռևս 2014 թ. Ալիևի՝ Նախիջևան հերթական այցի ընթացքում ցուցադրվել էին 300 մմ տրամաչափի «Սմերչ» ՀԿՌՀ-ներ: Սակայն դրանից հետո Նախիջևանում «Սմերչների» լուսանկարներ այլևս չեն հրապարակվել:
Այս երկու համակարգերի հեռահարությունը գրեթե նույնն է, սակայն «Սմերչն» ունի 12, իսկ «Քասըրղան»՝ ընդամենը 4 հրթիռ: Նախիջևանի նման փոքր տարածքում սա անիմաստ է դարձնում «Սմերչից» ավելի թույլ մարտավարատեխնիկական տվյալներ ունեցող, սակայն նույն նշանակության համակարգի տեղադրումը:
Հետևաբար կարող ենք ենթադրել, որ երկու համարգերը միաժամանակ Նախիջևանում տեղակայված չեն մնա: Դա էլ իր հերթին կարող է նշանակել, որ Ադրբեջանը կամ պարզապես Թուրքիայից «մեկանգամյա ցուցադրման» համար է բերել այս համակարգերը, կամ «Սմերչներն» են Նախիջևանից հեռացվել:
TR-300 Kasırğa («Քասըրղա») ՀԿՌՀ-ի մարտավարատեխնիկական բնութագիր.
- Տրամաչափը՝ 302 մմ
- Հեռահարությունը
- Առավելագույնը՝ 100+ կմ
- Նվազագույնը՝ 40 կմ
- Հրթիռների քանակը՝ 4
- Մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ
«Քսըրղա» ՀԿՌՀ-ն Չինաստանում արտադրվող WS-1 համակարգի պատճենն է: Թուրքիայում արտադրվում են 1990-ական թթ.: