Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պատվիրակությունները Մոսկվայում ստորագրել են Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը։

Փաստաթղթով սահմանվում են ահաբեկչական խմբավորումների դիրքերին հարվածելիս Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի գործողությունների կոորդիանացման և համագործակցության մեխանիզմները։

Համաձայնագիրը ներառում է նաև կողմերի գործողությունները՝ Սիրիայի օդային տարածքում ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի առկայության ընթացքում միջադեպերից խուսափելու համար։

Հայտարարության մեջ հատկապես նշվում է կողմերի համատեղ պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։

Հիշեցնենք, որ մասնավորապես վերջին շրջանում, երբ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները մտան կարգավորման փուլ, արդեն սիրիական ճակատում զրագացումները ցույց էին տալիս, որ Սիրիայի հարցում կողմերը որոշակի համաձայնության հասել են։

2016 թ․ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ սիրիական ուժերի կողմից Հալեպը գրավելուց հետո Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ սիրիական կառավարական ուժերի և մի շարք զինյալ խմբավորումների միջև հրադադար է հաստատվել։

Իսկ մասնավորապես 2017 թ․ հունվարին թուրքական մամուլում տվյալներ հայտնվեցին, որ Ռուսաստանը օգնում է թուրքական զինուժին ավիահարվածներ հասցնել ԻՊ դիրքերին սիրիական Ալ-Բաբ քաղաքի մոտ։

Իսկ մոտ ժամանակներս Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Ղազախստանում կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը։