Ղազախստանը ՌԴ-ից գնել է 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ

«Вертолеты России» հոլդինգը 2018-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությանը կմատակարարի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ: Պայմանագիրը կնքված է, հաշվվելու է ռուսաստանյան ռուբլիով: Այս մասին հայտնում է հոլդինգի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը Նկարը՝ «Вертолеты России» կայքից

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը
Նկարը՝ «Вертолеты России» կայքից

Սովորաբար հոլդինգը պայմանագրերը հաշվում է ԱՄՆ դոլարով, սակայն Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից հետո Ռուսաստանը փորձում է գործարքներն իրականացնել ազգային արժույթով, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ղազախստանը Մի-35 ուղղաթիռներով սկսել էր հետաքրքրվել դեռևս 2015-ին, իսկ ավելի ուշ՝ 2016-ի հունիսին՝ Ղազախստանում անցկացված միջազգային չորրորդ KADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ, Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օկաս Սապարովը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ղազախստանն 2016-ին Ռուսաստանից 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռներ է ձեռք բերելու: Միաժամանակ հոլդինգի փոխտնօրեն Ալեքսանդր Շերբինին հայտնել էր, որ ուղղաթիռների առաջին մատակարարումները սկսվելու են 2016-ի վերջին:

Մի-35Մ ուղղաթիռը Մի-24-ի արդիականացումներից է: Բազային ուղղաթիռի համեմատ նորացվել են ռադիոէլեկտրոնային սարքավորումները, բարելավվել է մանևրունակությունը և որոշ չափով  ընդլայնվել են ուղղաթիռի կրակային հնարավորությունները։

Շահագործող երկրներից են Ռուսաստանը, Իրաքը, Վենեսուելան, Բրազիլիան, ինչպես նաև Ադրբեջանը։ ՌԴ-ն ավարտել է վերջինիս Մի-35Մ-երի տրամադրման գործընթացը 2014-ի հունվարի 21-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *