Թուրքիայի ՊՆ-ն Իրաքի ԶՈւ ղեկավարին հրավիրել է Թուրքիա

Հունվարի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Իրաքի ՊՆ պաշտոնակատար և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օսման Էլ Գանիմիին հրավիրել է Թուրքիա։ Կողմերը քննարկելու են «Իսլամական պետության» դեմ պայքարին վերաբերող հարցեր։  Հրավերը համաձայնեցվել է Թուրքիայի արտգործնախարարի և ԶՈւ ԳՇ պետի հետ։ 

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Թուրքիայի ՊՆ-ն նշում է, որ մինչև այդ ինքը Իրաքի ԶՈւ ղեկավարին հանդիպել է Լոնդոնում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում կոալիցիոն ուժերի ժողովի ընթացքում։ Այնուհետև պաշտոնապես, գրավոր կերպով Գանիմիին հրավիրել է Թուրքիա՝ «այդ բոլոր հարցերը ռազմական և քաղաքական տեսանկյունից քննարկելու համար»։

Թեև Ըշըքը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարցը, սակայն նրա խոսքից հասկանալի է, որ հարցը վերաբերում է մասնավորապես ԻՊ-ից Իրաքի Մոսուլի շրջանը և համանուն քաղաքն ազատագրեւոլ հետ կապված հարցերին։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 17-ին Իրաքի վարչապետը հայտարարել էր ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին, թուրքական կողմը ցանկանում է ամեն կերպ իր մասնակցությունն ունենալ։ Հարցն այն է, որ Մոսուլը հարուստ է նավթային պաշարներով ու մշտապես եղել է Թուրքիայի ուշադրության կենտրոնում։

Թուրքիան ժամանակին նաև ակնհայտ տարածքային պահանջներ է ունեցել, քանի որ նախ Մոսուլում ապրում են նաև մեծ թվով թյուրքական ժողովուրդներ (Իրաքի թուրքմեններ), բացի այդ այն եղել է Օսմանյան կայսրության մաս և միայն 1920-ականների կեսերին հանձնվել Իրաքին։ Սակայն ներկայում Թուրքիան թեև խոսում է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման մասին, սակայն փորձում է օգտագործել այդ թուրքմենների և Իրաքի քրդական ինքնավարության խնդիրները՝ այդ հատվածում իր ազդեցությունը սահմանելու համար։ Մոսուլի գործողությունը դրա համար հարմար առիթ է։

Սկզբնական շրջանում Մոսուլի ազատագրման ցամաքային գործողություններին հիմնականում ներգրավված էին Իրաքի կառավարական բանակը և Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զորաջոկատները: Օդային գործողություններն իրականացնում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան: Թուրքիան առաջին օրերին ներգրավված չէր, սակայն օրեր անց հայտնի էր դարձել, որ գործողությանը մասնակցում են նաև թուրքերի կողմից մարզված շուրջ 2000 սուննի։ Նրանց միջոցով թուրքական իշխանությունները փորձում են հակակշռել Իրաքի շիա ղեկավարությանը, տեղի շիա խմբավորումներին, որոնք ստանում են նաև Իրանի աջակցությունը։

Հետագայում թուրքական կողմը հայտնեց, որ գործողությունների ներգրավված է նաև իր օդուժը, սակայն իրաքյան կողմը հերքում էր դա։ Այստեղ արդեն խնդիրն այն է, որ Թուրքիան Իրաքի տարածքում, սակայն փաստացիորեն քրդերի կողմից վերահսկվող շրջաններում ռազմաբազաներ ունի, իսկ Իրաքը պահանջում է դրանց դուրսբերումը։

Մասնավորապես խոսքը Բեշաիքայի բազայի մասին է, որը Մոսուլին բավականին մոտ է տեղակայված։ Սակայն օրերս՝ 2017 թ․ հունվարի 7-ին, Իրաք այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Իրաքի ղեկավարության հետ համաձայնության են եկել Բեշիքայից թուրքական ստորաբաժանումները հանելու մասին իրաքյան կողմի պահանջի շուրջ։ Սակայն այս հարցով որևէ կոնկրետ բան չի նշվում առայժմ, պարզ չէ, թե արդյոք թուրքական կողմը կհանի իր ստորաբաժանումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *