Հունվարի 9-ին Իրանի խորհրդարանը ընդունել է օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Օրինագծով մասնավորապես նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը, զարգացնել հակաօդային պաշտպանությունը, ռադիոէլեկտրոնային պայքարի, կիբեռանվտանգության, ԱԹՍ արտադրության և սպառազինության ոլորտները, արագ արձագանքման ուժերի մարտունակությունը, ենթակառուցվածքների պաշտպանությունը, հաղորդակցական ցանցերը և այլն։
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ԱՄՆ սենատի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին որոշման ընդունումից շուրջ մեկ շաբաթ անց, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն հայտարարեց, որ Իրանը զարգացնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։
Իսկ դեկտեմբերի կեսերին՝ պատժամիջոցների երկարաձգումից հետո, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրեց ատոմային շարժիչներ արտադրել իրանական նավերի համար։
Իսկ դեռևս հունիսին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, անդրադառնալով Անգելա Մերկելի այն հայտարարությանը, ըստ որի Իրանի հրթիռային ծրագիրը չի համապասխանում ՄԱԿ-ի բանաձևին, հայտարարել էր , որ այն բացառապես պաշտպանական դոկտրինի շրջանակներում է և չի հակասում ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, և Իրանը շարունակելու է զարգացնել իր հրթիռային ծրագիրը։
Նշենք նաև, որ Իրանի զինված ուժերը 2016 թվականին արդեն բալիստիկ հրթիռների մի քանի փորձարկումներ են իրականացրել, մասնավորապես մարտին և մայիսին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info