Հունվարի 8-ին Հորմուզի նեղուցում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել են ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ է արձակել իրանական կատերների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրին:
Ըստ գործակալության՝ ամերիկացի նավաստիները ռադիոկապով պահանջել են իրանցիներից դանդաղեցնել նավերի ընթացքը, այնուհետև ուղղաթիռ են օդ բարձրացրել և դրանից ծուխ են բաց թողել, սակայն իրանցիները չեն արձագանքել այս զգուշացումներին, ինչից հետո էլ կատերների ուղղությամբ կրակ է արձակվել:
Իրանական կողմը դեռևս չի արձագանքել հայտարարությանը։
Ամերկյան և իրանական ռազմածովային ուժերի միջև սա առաջին միջադեպը չէ: Ավելի վաղ ՝ սեպտեմբերին, Իրանի ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել էր ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված էր եղել փոխել իր ուղղությունը: Օգոստոսին իրանական ռազմանավը կրկին մոտեցել էր ամերիկյանին, ինչից հետո ԱՄՆ ռազմանավը 10 նախազգուշացող հրթիռներ էր արձակել, բայց Իրանի ռազմանավը շարունակել էր մոտենալ: Արդյունքում ԱՄն ռազմանավը հեռացել էր տարածքից:
Իսկ նոյեմբերին, ըսռ Reuters գործակալության, ԻՀՊԿ ռազմանավերից մեկը Հորմուզի նեղուցում նշանառության տակ է առել ամերիկյան MH-60 ուղղաթիռը, իրանական կողմը, սակայն, հերքել է այս լուրը։
FoxNews լրատվական կայքի 2016 թվականի սեպտեմբերին հրապարակած տվյալներով՝ 2016-ի սկզբից Պարսից ծոցում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել է 30-ից ավելի նմանատիպ միջադեպ: